«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին՝ ՕԵԿ մամուլի ծառայությունից, քաղխորհուրդը ամփոփել է 2012թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության արձանագրած արդյունքները: Մասնավորապես, «Օրինաց երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում առաջադրել էր 11 համայնքի ղեկավարի թեկնածու, որոնցից 10-ը ընտրվել են: Քաղխորհուրդը քննարկել է նաեւ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացիկ նախապատրաստական աշխատանքները, որում «Օրինաց երկիր» կուսակցությունը եւս առաջադրել է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ:
Քաղխորհուրդը քննարկել եւ հաստատել է ՕԵԿ մարզային եւ տարածքային կառույցների, ինչպես նաեւ Երիտասարդական եւ Կանանց Միությունների ձեւավորմանն ու գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Արձանագրվել է, որ վերջնականապես ավարտին է հասցվել կուսակցության վերակազմավորման աշխատանքները:
ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվ այս հարցերի, քննարկել է կուսակցական կազմակերպչական եւ ներքաղաքական այլ հարցեր եւս:




























