Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքում մեծ փոփոխություններ են սպասվում: Իշխանություններն օրինագիծ են մշակում, որը ոչ միայն կօրինականացնի նույնասեռ ամուսնությունները, այլեւ պաշտոնական փաստաթղթերից կվերացնի «հայր» եւ «մայր» բառերը:

Պաշտոնական փաստաթղթերում «հայր» եւ «մայր» բառերի փոխարեն կկիրառվի «ծնող» բառը, որը ոչ ավանդական ընտանիքների համար անհարմարություններ չի ստեղծի: Մշակվող օրինագծում ասվում է, որ «ամուսնությունը նույն կամ տարբեր սեռերի երկու անձանց միությունն է»: Ավելին, օրինագիծը որդեգրման հավասար իրավունքներ է նախատեսում նույնասեռ եւ տարասեռ ընտանիքների համար, հայտնում է «Կոմերսանտը»:

Օրինագծին դեմ է ֆրանսիական կաթոլիկ եկեղեցին, որը հայտարարել է, որ «Երեխաները չպետք է ենթակա լինեն մեծահասակների ցանկություններին եւ հակասություններին»: Ֆրանսիական գլխավոր եպիսկոպոսներից Դոմինիկ Ռեյը պահանջել է նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել, իսկ Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Ֆրանսիայից 30 եպիսկոպոսների է հրավիրել` կոչ անելով պայքարել նոր օրինագծի դեմ:

Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր: Համապատասխան օրինագիծը կառավարությանը կներկայացվի հոկտեմբերի 31-ին:

2010թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի Պետդեպը որոշում էր կայացրել պաշտոնական փաստաթղթերում «մայր» բառի փոխարեն կիրառել «ծնող համար 1» եւ «հայր» բառի փոխարեն`  «ծնող համար 2» տերմինները: