Հնարավոր է՝ հենց ասյօր էլ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, տեղադրվի Մհեր Մկրտչյանի արձանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  արձանի հեղինակ, քանդակագործ Սուրեն Մելքոնյանը՝ հավելելով, որ ավարտել է արձանի վերականգնումը:

Նա կարծում է, որ արձանին վնասելը պատահական է եղել, ոչ մի դիտավորություն, պարզապես ժողովուրդը սիրում է այդ գործը, ամբողջ օրը նկարվում է հետը, ուրախանում, գրկում: «Կարծում եմ՝ փորձել են սիրել, տակառները խլել, խաղալ եւ անգիտակցաբար վնասել են: Հնարավոր է  ուզեցել են խլել ձեռից՝ տակառդ տուր գինի խմեմ եւ այլն»,- ասաց քանդակագործը:

Սուրեն Մելքոնյանը համոզված է, որ նա, ով կցանկանա վնասել արձանը, ոչ թե տակառիկը կխլի, այլ գլուխը կջարդի եւ եթե իսկապես ցանկանա վնասել, ապա կապ չունի՝ արձանը որտեղ կլինի եւ ինչ նյութից պատրատսված կլինի՝ բրոնզ, կավ, թե մեկ այլ բան: Մհեր Մկրտչյանի, ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա մարմնավորած Գարսեւանի արձանը բավական ամուր է, նույնիսկ քանդակագործը խոստովանեց, որ դրա կտորները չի կարողացել ջարդել:

Թե ինչքան է արժեցել Մհեր Մկրտչյանի արձանը կամ դրա վերականգնումը, ապա քանդակագործը ձեռնպահ մնաց որեւէ թիվ հրապարակելուց՝  նշելով, որ իր համար ամենակարեւորը ժողովրդի գնահատականն է, «բայց այս երկիրը այն երկիրը չէ, որ արվեստի գործերը լիարժեք գնահատեն»:

Քանդակագործը ճիշտ է համարում  հայ մեծանուն արվեստագետների, գրողների արձանները «ժողովրդի մեջ» տեղադրել,, այսինքն՝ նստարանների վրա, քանի որ կարծում է, որ  պատճառ չկա, որ մարդը չփշվի հանճարի հետ, «թող մեր մեջ լինեն, մենք էլ գրկվենք, կարոտներս առնենք»: Նա նշեց, որ ամեն ինչ անում է, որ արձանները հավաք լինեն, կոտրվող տեղեր չլինեն, նախնական կոմպոզիցիաները ավելի բաց են եղել, իսկ վերջնական տարբերակը ավելի հավաք են դարձրել:

Սուրեն Մելքոնյանը տեղեկացրեց, որ Երեւանի հետ կապված լիքը ծրագրեր կան, օրինակ՝ առաջիկա 15 օրվա ընթացքում կտեսնենք եւս 7 արձան, որոնցից միայն երկուսի անունը նա նշեց՝ Պարույր Սեւակինը եւ շախմատիստ Տիգրան Պետրոսյանինը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի