Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Յալթայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:«Հարաբերությունների դինամիկան մեզ գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ կա ավելի մեծ ներուժ, որը պարտավոր ենք օգտագործել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության աճը եւ գոհունակություն հայտնել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ: «Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլոր մակարդակներում, այս իմաստով մեզ մոտ ամեն ինչ լավ է, եւ արդյունքներն էլ վատ չեն: Հիմնական ցուցանիշն ապրանքաշրջանառությունն է, չնայած մենք հասկանում ենք, որ կարեւոր է նաեւ այդ շրջանառության որակը, սակայն այն չի ընկնում, այլ աճում է»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:Նրա գնահատմամբ` ներդրումային չօգտագործված ռեսուրս եւս առկա է:
Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ռուսական կողմը քննարկի Եվրամիության եւ Համաշխարհային բանկի հետ դոնորների կոնֆերանսին իր մասնակցության հարցը, որտեղ անդրադարձ կկատարվի Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման խնդրին: Վարչապետը կարեւորել է այս հարցը եւ ստացել է իր ռուս գործընկերոջ աջակցությունը:
Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը: Զրուցակիցները հստակեցրել են այս ուղղությամբ իրականացվելիք երկկողմ քայլերը: Ակնկալվում է, որ ռուսական կողմը կմասնակցի ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսաֆորմանը, ուստի զրուցակիցները քննարկել են, թե ինչպիսի ֆինանսական սխեմաներով է ՌԴ-ն մասնակցելու այդ գործընթացին եւ ինչպես է հայկական կողմը մարելու իր ֆինանսավորման պարտավորությունները՝ ատոմակայանի կառուցումից եւ շահագործումից հետո: Հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ քննարկելու հայկական կողմի առաջարկությունը եւ հստակեցնելու ատոմակայանի կառուցման ֆինանսական մեխանիզմները:
Վարչապետ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ ադամանդագործության զարգացմանն ուղղված հարցերի: Քանի որ Հայաստանն արդեն վավերացրել է ԱՊՀ ազատ առեւտրի համաձայնագիրը, կողմերը քննարկել են որոշ ռեժիմների մեղմացմանն առնչվող խնդիրներ: Հայկական կողմն առաջարկել է ադամանդի հումքի ներմուծման ժամանակ Ռուսաստանում կիրառվող 6,5 տոկոսանոց արտահանման հարկը վերանայել Հայաստանի համար, ինչին ի պատասխան՝ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է պատկան մարմիններին քննարկել հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների էկոնոմիկայի նախարարների գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կքննարկի հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնման ուղղություններն ու ծրագրերը:




























