Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը՝ ավագ պետական կառավարման մասնագետ Եշիմ Էլհան-Քայալարի գլխավորությամբ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում Եշիմ Էլհան-Քայալարը նշել է, որ այցի նպատակն է անդրադառնալ տրանսպորտի եւ կապի նախարարության գերակա ուղղություններին, քննարկել ենթակառուցվածքների սպասարկմանն ու պահպանմանն ուղղված երկկողմանի համագործակցության հետագա ընթացքը, հստակեցնել ապագա ծրագրերի մասին պատկերացումները։
Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային խնդիրներից մեկը կառուցվող ճանապարհների որակի բարձրաձումը, սպասարկման ժամկետների ավելացումն ու արդյունավետ աշխատանքների կազմակերպումն է:
«Մենք կարեւորում ենք, որ պետական բյուջեով եւ վարկերով կառուցված ճանապարհները երկար ծառայեն. տեխնիկական այնպիսի սպասարկում է հարկավոր ապահովել, որ ճանապարհային աշխատանքներին ավելի արդյունավետ կատարվեն: Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր կզբաղվեն ճանապարների «երկարակեցության» ապահովմամբ»,- նշել է նախարարը:
Համաձայնելով Գագիկ Բեգլարյանի հետ՝ Եշիմ Էլհան- Քայալարն առաջարկել է նախարարի ղեկավարությամբ կազմակերպել քննարկում եւ կատարել ուսումնասիրություն՝ պարզելու ճանապարհների որակի խաթարման հիմնական պատճառը: Նրա խոսքով՝ պետք է մշակել մի քանի մոտեցումներ եւ ընտրել դրանցից ամենաարդյունավետը խնդրի լուծման համար:
Կողմերը համակարծիք էին, որ Տրանսպորտի եւ կապի նախարարութան համար խիստ կարեւոր են ոչ միայն ճանապարհների որակի եւ ստանդարտների մշակումն ու ապահովումը, այլեւ` ծառայություններից օգտվողների շահերի պաշտպանությունը:
Հանդիպման ավարտին Գագիկ Բեգլարյանը եւ Եշիմ Էլհան-Քայալարը վստահություն են հայտնել, որ բոլոր հիմքերը կան ստեղծված համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար:




























