Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) տվյալ պահին մտադիր չէ աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկին, քանի որ կողմերից եւ ոչ մեկը չի արձագանքել ANCA-ի` ղարաբաղյան հարցին, Ջավախքի հայերի խնդրին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող առաջարկներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը:
Մանոյանը նաեւ նշեց, որ ANCA-ն պատրաստակամություն է հայտնել պաշտպանել այս կամ այն կողմին` ելնելով վերոնշյալ հարցերի նկատմամբ նրանց դիրքորոշումից. «ANCA-ի աջակցությունը նշանակում է ԱՄՆ հայ համայնքի աջակցություն»: Ի պատասխան այն հարցի, թե ինչու թեկնածուներից եւ ոչ մեկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ավանդական խոստում չի տվել, Մանոյանն ասաց, որ թեկնածուներն արդեն գիտակցում են, որ այլեւս անհնար է խաբել ԱՄՆ հայ համայնքի ակնկալիքները եւ չկատարել տրված նախընտրական խոստումները: «Ներկայիս թեկնածուները նախընտրում են անիրականանալի խոստումներ չտալ»:


























