ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության գերատեսչություններից առաջիններից է, որ կկիրառի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներ: Այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պայմանագիր էր կնքել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ: Կողմերը, գոհունակություն հայտնելով կայացած գործարքի կապակցությամբ, նշել են, որ այն կարող է հերթական հաջողված քայլը հանդիսանալ՝  ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջեւ 2007թ. ստորագրված պայմանագրի իրագործման ուղղությամբ: Նշված պայմանագրով ՀՀ կառավարությունը ստանձնել է պարտավորություն` օգտագործելու Մայքրոսոֆթի միայն լիցենզավորված ծրագրեր եւ ջանքեր գործադրելու Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության այս քայլը` Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը հույս է հայտնել, որ դրական այս օրինակն իր շարունակությունը կունենա նաեւ Կառավարության կառուցվածքում գործող այլ գերատեսչությունների շրջանում: 

«Մայքրոսոֆթ» կորպորացիան Հայաստանում հիմնել է իր ներկայացուցչությունը 2006 թվականին։ 2007թ. ստորագրված պայմանագրի շրջանակում ընկերությունը համագործակցել է ՀՀ կառավարության հետ` կրթության, առողջապահության, սոցիալական, էլեկտրոնային կառավարման, մտավոր սեփականության պահպանման բնագավառներում, իրականացրել է Microsoft Windows եւ Microsoft Office ծրագրային փաթեթների տեղայնացում (հայաֆիկացում), մասնագետների վերապատրաստում եւ սերտիֆիկացում, Երեւանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնում եւ այլ միջոցառումներ: