ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը, ում պատկանող «Հրազդան» տոնավաճառի մոտ գործարար Սամվել Կարապետյանը «Դալմա Գարդեն մոլ»  առեւտրի կենտրոնն է բացել, չի պատրաստվում հակամարտության մեջ մտնել նրա հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:

Պարոն Աղաբաբյան, կանխատեսումներ կան, որ  «Դալմա Գարդեն մոլ»  առեւտրի կենտրոնի բացումից հետո առճակատումներ են սպասվում Ձեր եւ Կարեն Կարապետյանի միջեւ: Այն պարզ պատճառով, որ առեւտրի կենտրոնը բացվել է անմիջապես ձեզ պատկանող  «Հրազդան» տոնավաճառի հարեւանությամբ: Որքանո՞վ են իրատեսական այս կանխատեսումները:

Իմ մասով կարող եմ ասել, որ այդ կանխատեսումները իրատեսական չեն: Ավելին` կարող եմ հիմնավորել: Դրանք տարբեր կառույցներ են, գնային տարբեր սեգմենտներ ունեն վաճառվող ապրանքների արժողության առումով: Հետեւաբար` համարում եմ, որ նման հակամարտությունը իմ կողմից, համենայնդեպս եւ համոզված եմ, որ նաեւ իրենց կողմից, որ չի լինի: Ամեն մի պետություն, ժողովուրդ ունի իր գնային սեգմենտները` հարուստներ, միջակներ, աղքատներ եւ նրանք օգտվում են իրենց համապատասխան շուկաներից: Մեր հաճախորդները մեզանից են օգտվում, իսկ իրենց հաճախորդները իրենցից: Այնպես, որ մենք իրար չենք խանգարում: Եվ իզուր նման հակամարտություններ թող չկանխատեսեն:

Իսկ մինչեւ «Դալմա Գարդեն մոլ»  առեւտրի կենտրոնի  շինարարական աշխատանքները սկսելը, բացումը հանդիպե՞լ եք Կարեն Կարապետանի հետ, խոսե՞լ եք, թե՞ ոչ: Փորձե՞լ եք այնպիսի համաձայնության գալ, որ այդ առեւտրի կենտրոնի բացումից  շահերի բախում տեղի չունենա:

Իրենք դրա կարիքը չեն ունեցել, ոչ էլ իմ մոտ են այդ առումով խնդիրներ ծագել: Ես  հասկանում եմ շուկայական հարաբերություններից, հետեւաբար առիթ չեմ տեսել հարց ու փորձ անելու համար: Մարդը, որտեղ ուզենա, ինչ ուզենա կկառուցի: Նաեւ ուրախ եմ, որ նման կառույց ունենք: Հասարակությունը պետք է այլընտրանք եւ օգտվելու հնարավորություն ունենա:

Իսկ դուք, ձեր ընտանիքի անդամները եւ ձեր շրջապատը օգտվելո՞ւ եք այդ առեւտրի կենտրոնից, թե ոչ:

Բնականաբար: Եթե  տեսնենք, որ համապատասխան ապրանքներ կան, ինչո՞ւ պետք է չօգտվենք:

Արդեն եղե՞լ եք առեւտրի կենտրոնում, թե՞ ոչ:

Դեռ ոչ , որովհետեւ զբաղված եմ անընդհատ: Բայց կայցելեմ, ի՞նչ է եղել:

Իսկ շնորհավորե՞լ եք Կարապետյանների ընտանիքին առեւտրի կենտրոնի բացման կապակցությամբ:

Ոչ, դեռ չեմ տեսել իրենց, որ տեսնեմ, կշնորհավորեմ: