Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջարկությունների փաթեթը, որը ներառում էր բնական գազի եւ ջրի ենթաոլորտները: Այս ոլորտներում ուսումնասիրվել են միացման եւ սպասարկման ընթացակարգերը: Մշակվել է նաեւ իրավական ակտերի փոփոխությունների նախագիծ, որով կանոնակարգվում է ջրի միացման համար անհրաժեշտ համապատասխան դիմումի ձեւը, ժամկետները, ընթացակարգերը եւ այլ հարցեր:

Իրավական ակտերի փաթեթը կազմվել է հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը:

Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն եւ կբարելավվեն մի շարք իրավական ակտեր եւ կկրճատվեն բիզնես գործընթացներ` դյուրացնելով ընթացակարգերը, պարզեցնելով ու բարձրացնելով նաեւ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: