«ՀայՓոստ»-ը Երեւանում հոկտեմբերի 25-ին վերաբացել է ամբողջովին արդիականացված 3 փոստային բաժանմունք։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ՀայՓոստ»-ի մամուլի ծառայությունից, վերաբացվել են Քանաքեռ-Զեյթունի թիվ 0035, Նոր Նորքի թիվ 0090 եւ Աջափնյակի թիվ 0099 բաժանմունքները։

Վերաբացման արարողությանը մասնակցել են «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմը, փոստային բաժանմունքների աշխատակիցներ, վարչական շրջանների բնակիչներ:

Ինչպես նշված է «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «ՀայՓոստ թրաստ մենեջմենթ»-ը 2012 թ. շարունակելու է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունքներ կարդիականացվեն Երեւանում, 35-ը` մարզերում: