Բարձրագույն կրթությամբ, 3 երեխաների մայր 29-ամյա Մարինեն /անունը փոխված է/ ամուսնությունից 4 տարի անց լքել է ամուսնուն, որպեսզի իր 3 զավակները նրա նման չմեծանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մարինեն:
«Երբ հանդիպեցինք, նոր էի համալսարանն ավարտել, որոշ ժամանակ անց ամուսնացանք: Հղիությունը շատ ծանր էի տանում: Այդ 9 ամիսների ընթացքում նա ինձ համար անտանելի էր դարձել, քանի որ նրանից տհաճ հոտ էի զգում: Այդպես շարունակեցի հանդուրժել նրան մինչեւ 3 զավակ ունեցա»,- պատմեց Մարինեն: Հետո նրա ամուսինն է սկսել խուսափել նրանից: Գիշերները ուշ է վերադարձել, ինչը վեճերի ու ծեծի պատճառ է դարձել: «Իսկ սկեսուրս ամեն անգամ միջամտում էր եւ ասում. «Աղջի, ամեն անգամ նույն բորշչը կուտե՞ն»: Ես վիրավորված լռում էի եւ արցունքներն աչքերս փակվում էի իմ սենյակում: Մի օր էլ ամուսինս 3 օր տուն չգալուց հետո հայտնվեց, սկսեց ինձ քաշքշել ու ասել. «Դու լավ պլաստինկա չես, քո նմանին պետք է նվագես ու շպրտես: Ես ո՞նց եմ քեզ մինչեւ հիմա պահել»,- վերհիշեց Մարինեն:
Կանացի արժանապատվությունը ոտնահարված նա հեռացել է տնից: «Ինձ շատերը մեղադրում են, թե չի կարելի երկու հիմար բառի համար ընտանիքը քայքայել: Այո, ես լքել եմ նրան, որպեսզի երեխաներս նրա նման չդառնան»,- ավելացրեց Մարինեն: Մարինեն դիմել է Կանանց իրավունքների կենտրոն եւ հոգեբանական ու իրավաբանական մեծ աջակցություն ստացել: Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:




























