Գազի թանկացման դեպքում էլ Երեւանում երթուղայինները կարող են շահույթով աշխատել: Լրագրողներին այսօր` հոկտեմբերի 26-ին, նման տեսակետ է հայտնել Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով`երթուղայիններով ուղեւորափոխադրումներում մեծ թվով չվերահսկվող եկամուտներ են լինում: «Մեր հաշվարկներն էականորեն տարբերվում են քաղաքապետարանի պաշտոնյաների ներկայացրածներից: Ըստ նրանց` մեկ միկրոավտոբուսի օրական եկամուտը կազմում է 3 - 4 հազար դրամ: Բայց մեր հաշվարկները բոլորովին այլ են: Եւ դրանք հաստատվում են հենց վարորդների կողմից. նրանք պատրաստ են ոչ միայն օրական 5-հազարական դրամ վճարել, այլեւ իրենց հաշվին հոգալ մեքենայի կարիքները: Այստեղից կարելի է հասկանալ, որ այս գործը շատ ավելի եկամտաբեր է», – նշել է Պողոսյանը:
Նա անդրադարձել է նաեւ 2012-ի գարնանն ընդունված Երեւաի տրանսպորտային նոր ցանցին: Չնայած միկրոավտոբուսների թվաքանակի նվազմանը եւ ավտոբուսային ու տրոլեյբուսային երթուղիների ավելացմանը, երեկոյան ժամերին բոլորն անհետանում են գծերից:
«Քաղաքապետարանում կա տրանսպորտի վարչություն: Տեսականորեն կարելի է այնտեղ բողոք ներկայացնել, որ երեկոյան ժամերին հնարավոր չէ երթեւեկել նախընտրած տրանսպորտով:
Հասկանում եմ, նման ակտիվություն միշտ չէ, որ կարելի է դրսեւորել, եւ մեզ դա բնորոշ չէ: Բայց մենք մեր կողմից պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հարցը լուծում ստանա», – հավելել է Պողոսյանը:




























