«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց գոյությանը վտանգ սպառնացող քաղաքացիների, հասարակական, քաղաքական միավորների հանդեպ քաղաքական հետապնդումների կիրառումը` ունեզրկումից մինչեւ ազատազրկում:

Այսպես, նախորդ տարվա օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո մինչ օրս շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը. ընթացիկ տարվա հուլիսի 20-ին հրապարակված դատավճռով վերջիններս դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:

Կալանավորված Տիգրան Առաքելյանի, իսկ վերոնշյալ դատավճռի իրավական ուժի մեջ մտնելուց հետո նաեւ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի կարգավիճակն ամբողջությամբ համապատասխանում է ընթացիկ տարվա հոկտեմբերի երեքին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 բանաձեւով հաստատված «քաղբանտարկյալ» ձեւակերպմանը:

Ու թեեւ դատավճիռը դարձել է հասարակական դժգոհության պատճառ եւ դատապարտվել է իրավապշտպան «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե», Իրավունքի եւ ազատության կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների, մի շարք քաղաքական կազմակերպությունների` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունների երիտասարդական թեւերի, ինչպես նաեւ «Եվրոպայի Լիբերալ Երիտասարդներ»-ի կողմից, իշխանություններն այնուամենայնիվ շարունակում են հանցավոր համառություն ցուցաբերել այս հարցում:

Անթույլատրելի համարելով քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում` գտնում ենք, որ Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ իշխանությունների սանձազերծած արշավը մարտահրավեր է ողջ հանրությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը, ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից, նախատեսում է 02.11.2012 թ., ժ. 13:00  բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երեւան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:

Կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցին»: