Լոռիի մարզի 113 համայնքներից 7 համայնքում չկան դպրոցներ, իսկ 76-ում՝ մանկապարտեզներ (Ստեփանավանի տարածաշրջանում՝ 1, Տաշիրի եւ Գուգարքի տարածաշրջաններում՝ 3-ական գյուղեր կան, որոնք չունեն դպրոցներ): NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանն տեղեկացրել է, երեխաները հաճախում են հարեւան համայքների դպրոցներ։ «Օրինակ՝ Անտառաշեն համայնքի երեխաները հաճախում են կողքի Լերմոնտովո գյուղի դպրոց ու էդպես շարունակ»,-ասել է նա՝ նշելով, որ որոշ գյուղերում առկա է տրանսպորտային տեղափոխման խնդիր։
«Որոշ գյուղերում դասի են գնում, ով ինչպես կարողանում է, գյուղեր էլ կան, որ աշակերտներին դպրոց հասցնելը հոգում է գյուղապետարանը»,-ասել է նա:
Մարզի 76 համայնքում չկան մանկապարտեզներ։ Այս դեպքում եւս, ըստ վարչության պետի տեղակալի, իրենք փորձում են խնդիրը հնարավորինս կարգավորել։ «Այդ 76 համայնքներից 10-ում կան նախակրթարաններ, որոնք տեղակայված են հենց դպրոցի շենքում»,- ասել է Մացակյանը:
Հարկ է նշել, որ ոչ բոլոր գյուղապետերն են կարողանում իրենց թույլ տալ աշակերտներին ամեն օր գյուղից գյուղ հասցնել, վիճակն ավելի է սրվում ձմռան օրերին: Նման խնդիրներից խուսափելու համար աշակերտ ունեցող, սակայն դպրոց չունեցող համայնքի բնակիչները ժամանակավոր կամ մշտական հեռանում են գյուղից՝ բնակարան վարձելով ու այնտեղ ապրելով: Նրանց մի մասը հետագայում չի վերադառնում գյուղ։





























