Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ի դեմս կանաչապատման ընկերությունների տնօրենների շնորհակալություն հայտնելով նրանց բոլոր աշխատակիցներին ամենօրյա նվիրված աշխատանքի համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքի հանդեպ ցուցաբերած սրտացավության արդյունքն ակնհայտ է: Այդ են վկայում շուրջ երեք անգամ ավելացած ծաղկապատման, կանաչապատման ու կանաչ տարածքների խնամքի այս տարվա ծավալները: Քաղաքապետը նաեւ կարեւորել է թիմային համագործակցված աշխատանքը, ինչի արդյունքում միասնական մոտեցմամբ այս տարի կանաչապատվել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները. «Երեւանը մեկ համայնք է եւ մեկ ընտանիքի նման աշխատելով մենք կկարողանանք հասնել շատ ավելի լավ արդյունքների: Այդ մասին է փաստում նաեւ այս տարվա կատարած աշխատանքը եւ վստահ եմ, որ այն կլինի շարունակական»,-նշել է քաղաքապետը:
Ներկայացնելով 2013թ-ին մայրաքաղաքում կանաչապատման ուղղությամբ նախատեսվող առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, քաղաքապետը կարեւորել է նաեւ Երեւանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, ինչպես նաեւ հնարավոր բոլոր վայրերում նոր անտառ-պուրակների ստեղծումը:
«Եթե արդեն հաջորդ տարվանից մենք համատեղ ուժերով մեկ կամ երկու վարչական շրջաններում նախաձեռնենք անտառ-պուրակների հիմնման աշխատանքները, ապա վստահ եմ, որ մի քանի տարի անց մեր եւ մեր համաքաղաքացիների ցանկությունը կդառնա իրական եւ կրկին կունենանք ծառերով հարուստ մայրաքաղաք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետի որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններն ու աշխատակիցները արժանացել են դրամական պարգեւների:
Կանաչապատման ընկերությունների տնօրենները, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, քաղաքապետին խոստացել են, որ այսուհետ եւս կաշխատեն մեծ նվիրումով ու եռանդով:




























