Ապարանցի Կ. Ա.-ն հեռախոսի միջոցով ծանոթացել է արմավիրցի 2 երիտասարդների հետ եւ 7 հազար դրամի դիմաց նրանց հետ սեռական հարաբերություն ունեցել Վաղարշապատ քաղաքում գտնվող շոգեբաղնիքում: Ավելին` հաջորդ օրը երիտասարդներից մեկի հետ կրկին սեռական հարաբերություն է ունեցել եւ գնալով ոստիկանություն, երիտասարդներին մեղադրել է իրեն առեւանգելու եւ բռնաբարելու մեջ: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Կ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. օգոստոսի 6-ին, հեռախոսազանգի միջոցով ծանոթացել, ժամը 23-ի սահմաններում պայմանավորվել եւ հանդիպել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչներ Ա. Գ-ի եւ Ա. Մ-ի հետ: Նրանցից վերցնելով 7 հազար ՀՀ դրամ գումար ընդունել է նրանց առաջարկը միասին շոգեբաղնիք գնալու եւ սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ:

Կ.Ա-ն իր կամքով եւ ցանկությամբ շոգեբաղնիքում սեռական հարաբերություններ է ունեցել, ապա Ա. Գ.-ի հետ գիշերել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող նրան պատկանող շարժական տնակում ու կրկին ունեցել սեռական հարաբերություն:

Հաջորդ օրը` օգոստոսի 7-ին, ժամը 12-00-ին ներկայանալով ոստիկանության Աշտարակի բաժին` նախազգուշացվելով հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկությունը կեղծ է, գրավոր հաղորդում է տվել եւ ծանր հանցագործության մեջ մեղադրել Ա. Գ-ին եւ Ա. Մ-ին: Ասելով, թե 2012թ. օգոստոսի 6-ին, ժամը 23-ի սահմաններում Ա. Գ-ը եւ Ա. Մ-ը առեւանգել են իրեն, տեղափոխել Արմավիրի մարզ` շոգեբաղնիք եւ բռնություն գործադրելով իր նկատմամբ, բռնաբարել են իրեն:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կոտով` սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 19-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: