«Մշտապես ՀԱԿ-ը բազմաթիվ ռեւերանսներ է արել ԲՀԿ-ի հասցեին, բայց ԲՀԿ ռեակցիան բացասական է եղել: Չեմ հիշում որեւիցե դեպք, որ ԲՀԿ-ի քայլը, խոսքը ցույց տային, որ գոնե տրամադրված են: Նույնիսկ սա չկա: Իսկ եթե օրակարգում փոխադարձ համաձայնություն, առաջարկ չկա, ապա ինչո՞ւ պետք է քննարկվի նման հարց: Գոյություն չունեցող երեւույթն ինչպե՞ս կարող է քննարկվել ՀԱԿ-ում»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` հերքելով, թե ՀԱԿ-ում ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկում է եղել: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Նաեւ հավելել է. «Համենայնդեպս, ես գոնե տեղյակ չեմ, որ ԲՀԿ-ի կողմից որեւէ շարժ լինի, որ գնահատվի իբրեւ դրական միտում ՀԱԿ-ի նկատմամբ: Իսկ ՀԱԿ-ի կողմից բազմաթիվ քայլեր են արվել: Հենց թեկուզ Լեւոն Տեր-Պետրոսյանը միտինգներում է հայտարարել, ընթացքում է խոսել: Տարբեր առիթներով ՀԱԿ-ն ինչ-որ քայլեր արել է, բայց` արդյունք չկա: Չեմ էլ կարծում, որ հնարավոր է: Այդ քաղաքական ուժն իր տերերն ունի, ղեկավարներն ունի, բացառում եմ, որ նրանք երբեւիցե իշխանության դեմ գնան»,- մեջբերում է «168 ժամը»: