Ըստ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակիցների ահազանգի, բուհի ղեկավարությունն իրենց պարտադրում է նույնականացման քարտ ստանալ՝ այլապես սպառնալով աշխատավարձ չվճարել»։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Համալսարանի լրատվական բաժնից մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են  նույնականացման քարտ պահանջելու մասին տեղեկությունը՝ միաժամանակ հերքելով աշխատավարձը չվճարելու մասին սպառնալիքը։ Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Վերոնիկա Խորասանյանն ասել է, որ վերջերս ռեկտորը հանձնարարականի ձեւով գրություն է ուղարկել բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի բուհի աշխատակիցները մինչեւ նոյեմբերի 1-ը ներկայանան ոստիկանության անձնագրային բաժին՝ անհատական կոդեր ստանալու համար, որոնք պետք է աշխատավայր ներկայացվեն մինչեւ դեկտեմբերի 20-ը։ Ռեկտոր Արա Ավետիսյանի հանձնարարականի համար, ըստ Խորասանյանի, հիմք են հանդիսացել, մասնավորապես, «Եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 12-րդ հոդվածի 6-րդ մասը։ Հիշատակված հոդվածները, սակայն, ոչ մի կերպ չեն հիմնավորում բուհի ռեկտորի հանձնարարականը։ Իսկ ահա «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր։ Ի դեպ, նույնականացման քարտի դիմաց քաղաքացիներից գանձվում է 3000-3500 դրամ, ու փաստորեն սա հերթական դեպքն է, երբ պարտադրանքի ճանապարհով փորձում են համալրել պետական բյուջեն»,- գրում է «Հայկական ժամանակը»։