«Նախօրեին Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարտքերի եւ չարաշահումների մի հսկայական ցուցակ է հրապարակել, որը ժառանգություն է ստացել ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Կարո՞ղ է նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի նման նրան էլ է «քարտ բլանշ տվել, մանավանդ որ՝ դեռ նախընտրական շրջանում Գյումրիում նախագահը հայտարարեց, որ Բալասանյանին ինքն է առաջարկել մասնակցելու քաղաքապետի ընտրություններին։ Aravot.am-ի այս դիտարկմանը ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը հակադարձեց. «Ախր ինչի՞ եք այդպես պրիմիտիվացնում հասարակական կյանքը, քաղաքական կյանքը։ Քարտ բլանշ է տվել... քարտ բլանշը օրենքում ա գրած, որ եթե մարդը զբաղվել է չարաշահումներով, գողություններով, ատկատներով եւ այլն, այդ մարդը պտի դատվի՝ անկախ նրանից՝ ԲՀԿ-ական ա, ՀՀԿ-ական ա, թե նեոնացիստ ա»։
Պարոն Բադեյանից հետաքրքրվեցինք՝ հավանական համարո՞ւմ է, որ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ կհարուցվի։ «Կարծում եմ՝ այո»,- ասաց նա։ Հարցին՝ ՀՀԿ-ում մինչ այս տեղյակ չէի՞ն Վարդան Ղուկասյանի գործունեությունից, պարոն Բադեյանը վրդովվեց. «Ախր կուսակցությունը հետաքննչական մարմին չի, ո՞նց կարա կուսակցությունը տեղյակ լինի։ Տեղյակ են լինում սովորաբար իրավապահ մարմինները եւ լրագրողները։ Դուք տեղյա՞կ էիք։ Բարձրաձայնե՞լ եք այդ մասին»։
Հստակեցրինք, որ մամուլում քանիցս գրվել է Վարդան Ղուկասյանի տարբեր գլուխգործոցների մասին ու հարցրինք՝ իրավապահնե՞րն էին թերացել, Մանվել Բադեյանը վրա բերեց. «Այո, եթե իրոք հանցագործություն կա եւ իրենք դրանով չեն զբաղվել, ուրեմն մեղավոր են»»,- մեջբերում է «Առավոտը»:




























