Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հարցազրույցը NEWS.am-ին:
Ինչպիսի՞ն է Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի առանձնահատկությունը եւ արդյոք կառավարության համար առաջնահերթ գործեր կան։
Մենք որպես այդպիսին առաջնահերթ գործեր չունենք, քանի որ բոլոր գործերը, անկախ նրանից, թե որ հոդվածին է վերաբերում ենթադրյալ խախտումը, կարեւոր են թերությունների շտկման տեսակետից։ Ես երբեք չեմ խոսում Եվրադատարանի որոշումների հարցում հաղթանակի կամ պարտության մասին։ Երկրի համար շատ կարեւոր նշանակություն ունի այն, որ ինչպես դրական, այնպես էլ բացասական բոլոր գնահատականներն ուղղված են Հայաստանի դատական համակարգը եվրոպական չափանիշներին եւ սկզբունքներին առավելագույնս մոտեցնելուն։
ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ տարբեր գործեր են վիճարկվում՝ դատական վարույթների խախտումներից սկսած, վերջացրած սեփականության իրավունքի խախտումներով։ Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ օրինաչափություն չկա։ Այլ երկրների պարագայում վիճակը տարբեր է։ Օրինակ, Իտալիայի դեմ գործերի շուրջ 70%-ը վերաբերում են դատական վարույթներին։ Դա պայմանավորված է նրանով, որ խախտվում են դրանց կատարման խելամիտ ժամկետները։ Այդ պատճառով Իտալիան դատաիրավական բարեփոխումներ է իրականացնում դատավորների թիվն ավելացնելու համար։ Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ օրինաչափության բացակայությունը։ Կարծում եմ, ավելի շուտ լավ է։ Դա վկայում է համակարգային խնդիրների բացակայության մասին։ Խնդիրներ կան, դրանով է պայմանավորված բարեփոխումների նոր ծրագրի հաստատումը, փոխվում է իրավական դաշտը։ Բայց համակարգային խնդիրներ չկան։
Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Եվրադատարան դիմելը պետք է։ Դա քաղաքացիների իրավունքն է։ Բայց նախ անհրաժեշտ է փորձել սեփական իրավունքները առավելագույնս պաշտպանել ներպետական ատյաններում։ Պատահում է, որ ամեն ինչ արվում է աղմուկ բարձրացնելու, ոչ թե իրավունքներ պաշտպանելու համար։ Դա սխալ մոտեցում է։ Բացի այդ, փաստաբանների համար Եվրադատարան դիմելը նյութական շահագրգռվածություն է ներկայացնում։ Սակայն պետք է հիշել, որ ՄԻԵԴ-ում հայցերի թիվն ազդում է երկրի հեղինակության վրա։
Տնտեսական տեսակետից ՄԻԵԴ դիմելը որքա՞ն է արժենում երկրի համար:
Եվրադատարանում 2002թ.-ից Հայաստանի անդամակցությունից հետո՝ ավելի քան 10 տարում, Հայաստանի դեմ հայցերի համար պետությանը 15 309 867,30 ԱՄՆ դոլարից ավելի գումարի պահանջ է ներկայացվել՝ իբրեւ վնասի փոխհատուցում։ Յուրաքանչյուր հայցի վերաբերյալ առարկություններ են ներկայացվել, արդյունքում Հայաստանը պարտավորվել է վճարել ընդամենը 454.694 եվրո, որից 166.810-ը՝ Հյուսիսային պողոտային առնչվող հայցերի համար։ Այդկերպ, ավելի քան 10 տարում Հայաստանի պետբյուջեից ընդամենը 287.884 եվրո է վճարել։
Ի՞ նչ կարող եք ասել Հայաստանի դեմ այլ պետությունների քաղաքացիների կողմից ներկայացված հայցերի մասին։
Խոսքը հիմնականում Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացիների հայցերի մասին է, միաժամանակ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի քաղաքացիների հայցերի։
Ավելի հստակ, Չիրագով-Սարգսյան գործը։ Ինչպես հայտնի է, համանման հարյուրավոր հայցեր են ներկայացվել, որոնցից ՄԻԵԴ-ն ընտրել է այդ երկուսը եւ քննում է զուգահեռ, քանի որ որոշումը նախադեպային կլինի մնացածների համար։ Ներկա փուլում գործն ուղարկվել է Գերագույն պալատ, եւ Հայաստանի կառավարությունն օրերս ներկայացրեց գործի վերաբերյալ վերջնական առարկությունները։ Հայաստանի դեմ Չիրագովի հայցում ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում։ Թեեւ, իհարկե, դատարանի վճիռը կարող է կարեւոր դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, քանի որ միայն սեփականության իրավունքի խախտումների կամ անձնական կյանքի հարցեր չեն քննարկվում։ Դատարանը երկու կարեւոր հանգամանք պետք է հստակեցնի՝ արդյոք Հայաստանը պատասխանատվություն է կրում եւ արդյոք իրավասություններ ունի Լաչինի եւ ԼՂՀ-ի նկատմամբ եւ արդյոք պատասխանատվություն է կրում Կոնվենցիան ստորագրելուց հետո ԼՂ տարածքային իրավունքը խախտելու համար, այդ թվում՝ պատերազմի ընթացքում։ Գերագույն պալատը բարձրագույն ատյանն է, եւ վճիռը կայացվելուց հետո՝ հրապարակման պահից, օրենքի ուժ է ստանում։ Այն բողոքարկման ենթակա չէ եւ պարտադիր է կողմերի համար։ Հիշեցնեմ, որ Եվրադատարանի որոշումները ԵԽ երկրների համար պարտադիր են՝ ի տարբերություն ՄԱԿ-ի հանձնաժողովի վճիռների, որոնք խորհրդատվական բնույթի են։
Չիրագով-Սարգսյան գործով որոշում կարող է կայացվել հաջորդ տարվա կեսերին։ Սա նույնպես պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Եթե դատարանը բավարար համարի կողմերի ներկայացրած հիմնավորումները, որոշումը կարող է կայացվել 2-3 ամսում։ Բայց եթե անբավարար համարի եւ լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն ծագի, ապա գործընթացը, հնարավոր է, ձգձգվի, բանավոր լսումներ անցկացնելու, փաստահավաք խմբերի այցերի անցկացման կարիք կլինի։ Այդ պատճառով ժամկետները կարող են տարբեր լինել։
Հնարավո՞ր է ՄԻԵԴ դիմել ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունների արդյունքում զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մահվան փաստով։
Իհարկե, Եվրոպական կոնվենցիան այդ դեպքերի համար պաշտպանության մեխանիզմ է նախատեսում։ Մասնավորապես, զոհված զինծառայողների հարազատները կարող են դիմել Եվրադատարան՝ համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունքի խախտում)։ Հարցը միայն Կյանքի իրավունքի խախտմանը չի վերաբերում, այլեւ մեղավորներին գտնելուն եւ պատժելուն։
Եվրադատարան հայց ներկայացնելուն որոշակի քայլեր են նախորդում. ՄԻԵԴ դիմելու համար հարկավոր է մի քանի պահանջներ բավարարել, որոնցից ամենակարեւորն այս պարագայում ներպետական բողոքարկումների գործընթացն է, այսինքն՝ իրավահաջորդները նախ պետք է դիմած լինեն Ադրբեջանի դատարան։ Սա շատ կարեւոր հարց է։ Եթե դա չի կատարվել, գործը ձախողման է դատապարտված։
Պարզ է, Հայաստանից ոչ մի փաստաբան Բաքու չի մեկնի, այստեղ դա հարկավոր է անել միջազգային իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների օգնությամբ։ Պետությունը, Հայաստանի իշխանություններն այս հարցում իրավական տեսանկյունից մեծ աջակցություն չեն կարող ցուցաբերել։
Հարկավոր է մամուլի միջոցով ակտիվորեն կոչեր անել, որպեսզի որեւէ հ/կ կամ փաստաբանական գրասենյակ ստանձնի այդ գործընթացը եւ այլ երկրների գործընկերների կամ, ասենք Human Rights Watch-ի, TransparencyInternational-ի օգնությամբ հայցերը ներկայացնի Ադրբեջան, որպեսզի ՄԻԵԴ-ում հարցի բարեհաջող լուծման հիմք ստեղծվի։ Ի դեպ, պետական անմիջական աջակցությունը կարող է ի վնաս լինել, քանի որ եթե Եվրադատարանում տեսնեն, որ գործը նախապատրաստել է կառավարությունը, դա կարող է վատ անդրադառնալ հարցի լուծմանը։ Բայց ոչ պաշտոնական տեսակետից, վստահ եմ, որ կառավարությունը միանշանակ բոլոր ջանքերը կգործադրի ցանկացած զինվորի կամ նրա հարազատների իրավունքների պաշտպանության համար։
Հիշեցնեմ նաեւ, որ նման հայցերի ներկայացման դեպքում կառավարությունը կներգրավվի որպես երրորդ կողմ։ Բնականաբար, հանդես կգա զոհված զինվորի պաշտպանությամբ։ Կառավարությունը կողքից դիտող չի լինի, բայց իբրեւ նախաձեռնող հանդես գալու իրավունք չունի։
ՄԻԵԴ դիմելը մե՞ծ ծախսեր է պահանջում։
Նման գործորն իհարկե մեծ գումարների հետ են կապված։ Բայց այստեղ էլ փաստաբանական գրասենյակների հետ համագործակցության հնարավորություն կա, ակնհայտ շահող գործերի դեպքում կարելի է պայմանավորվել եւ ծառայությունների դիմաց վճարել դատը շահելուց հետո։
Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ ներումից հետո հայտարարվեց ՄԻԵԴ դիմելու հավանականության մասին։ Ի՞նչ կարող եք ասել այդ առթիվ։
Հայաստանի նախագահը հայտարարել եւ համապատասխան կարգադրություններ է տվել լիազորված մարմիններին, տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարությանը՝ միջազգային ատյաններ դիմելու միջոցներ ձեռնարկելու համար։
Համոզված եմ, այդ ուղղությամբ արդեն քայլեր են արվում։ Մի բան կարող եմ ասել, միանշանակ, այդ հարցը միայն զոհված զինծառայողի ընտանիքին ու իրավահաջորդներին չի վերաբերում, այն ամբողջ պետությանը, յուրաքանչյուր հային է վերաբերում։ Բոլոր հնարավոր քայլերը կձեռնարկվեն, բայց դրանք պետք է լինեն հավասարակշիռ եւ հաշվարկված։ Առավել մանրամասն պատասխանի համար ճիշտ կլինի դիմել արդարադատության նախարարություն։





























