Երկու օր առաջ Վանաձորում դանակահարված երիտասարդի վիճակը բավարար է, եւ նա վերակենդանաման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույում նշեց Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարտուն Մադոյանը: ըստ նրա 34-ամյա Կարեն Դոյդոռյանը իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում. «Վիճակը հիմա բավարար է, այսօր տեղափոխել ենք հիվանդասենյակ, դանակի մոտ 6 հարված էր ստացել նա…»:

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները պարզել են,  որ Կարեն Դոյդոռյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Բանյո փողոցի  թիվ 8 շենքի բակից: Ըստ ոստիկանության`  նրան դանակահարել է նախկինում մի քանի անգամ դատապարտված, Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Սլավիկ Մխիթարյանը, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ ՀՀ Քրօր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 27-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորում:  Ժամը 22:30-ի սահմաններում  դանակի մի քանի հարվածներից  ստացված վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է  տեղափոխվել Լոռիի  մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Դոյդոռյանը:

Դանակահարողը եւ դանակահարվածը մինչ դեպքը գտնվել են «Բելլիսիմո» ռեստորանի կարաոկե ակումբում, նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո էլ հաջորդել է  դանակահարությունը:

NEWS.am-ի  տեղեկություններով «Բելլիսոիմո» սրճարանը  պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորը, որը ըստ շրջանառվող լուրերի, վարձակալական հիմունքներով տրված է ուրիշի: