Երեկ` հոկտեմբերի 28-ին ժամը 18.00-ին ավարտվել է թիվ 1 եւ 35 ընտարատարածքներում առաջադրված անձանց թեկնածությունների գրանցումը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, Երեւանի թիվ 1 ընտրատարածքում գրանցվել են առաջադրված 4 անձանց թեկնածությունները, իսկ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կա երկու թեկնածու:
Այսպես, Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում պայքարը կշարունակեն «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում իրար դեմ մրցելու են «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներորդին, Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը եւ անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ հանրապետական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից` «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելուց եւ մայոր Վահե Ավետյանի մահվանից հետո, իսկ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ:
Երկու ընտրատարածքներում էլ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին:





























