Հայաստանի ՏՀՏ ոլորտի լուծումները կներկայացվեն ս.թ. նոյեմբերի 15-17 Թբիլիսիում կայանալիք 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI), որը բաղկացած է կոնֆերանսից, ցուցահանդեսից եւ մրցանակաբաշխությունից: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Վերջինս կազմակերպում եւ համակարգում է հայաստանյան ընկերությունների մասնակցությունը միջոցառմանը, ինչպես նաեւ նախատեսում է մասնակից ընկերությունների համաֆինանասավորում:
Սպասվում է, որ հայկական պատվիրակությունը կներառի մասնավոր հատվածի եւ պետական գործակալությունների մոտ 35 ներկայացուցիչներ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 29-ը:
Միջոցառմանը կարող են մասնակցել այն հայկական կազմակերպությունները, որոնք հայտ կներկայացնեն մրցանակաբաշխության որեւէ անվանակարգում, հանդես կգան գործարար ներկայացմամբ կոնֆերանսի թեմաներին համապատասխան, կներկայացնեն միջոցառմանը մասնակցելու հստակ ծրագիր, ինչպես նաեւ կպատրաստեն մարքեթինգային նյութեր` հայկական ՏՏ անկյունը պատշաճ ներկայացնելու համար:
«Համագործակցություն մրցունակության, ինովացիայի եւ կիբեռանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել եւ խթանել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրների պետական եւ մասնավոր հատվածների, ասոցացիաների եւ ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջեւ համագործակցությունը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը եւ Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:





























