Արագածոտնի մարզի դպրոցաշինության 2011 թվականի ծրագրերի մեջ, ի թիվս այլ կրթօջախների, ներառվեց նաեւ Արագածավանի թիվ 2 դպրոցի հիմնանորոգումը: Այն իրականացվեց ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հրատապ ծրագրով:

Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե շահագործումից ի վեր, ավելի քան 30 տարի, դպրոցում որեւէ վերանորոգում չէր կատարվել, ինչի արդյունքում այն գրեթե ամբողջությամբ ավերակ էր դարձել՝ կորցնելով պիտանելությունը: Ուստի, վերանորոգման մեջ անհրաժեշտ էր ներառել բացառապես ամեն ինչ: Փոխվել են  տանիքը, հատակը, դռներն ու լուսամուտները, ներքին հարդարումներ են կատարվել դասասենյակներում, լաբորատորիաներում, ամբողջովին նորոգվել է սանհանգույցը, մարզադահլիճը:

Ջեռուցման հարցը դպրոցում լուծվում է էլեկտրականությամբ: Ձեռք են բերվել անհրաժեշտ քանակության էլեկտրական վառարաններ, որոնք, ձմռանը բավարար ջերմություն են ապահովում դպրոցում:

Շինարարական աշխատանքներն ավարտվեցին մեկ տարվա ընթացքում: Դպրոցն ուներ 7 մասնաշենք, որից հիմնանորոգվեց ուսումնական 4 մասնաշենքերը: Դրանք այսօր լիուլի բավարարում են դպրոց հաճախող 350 աշակերտներին:

Վերանորոգման ծրագրի ողջ գործընթացը գտնվել է մարզպետ Սարգիս Սահակյանի անմիջական ուշադրության  ներքո: Դպրոցի համար այժմ լուծելի խնդիր է գույքի ձեռքբերման հարցը: Մարզպետի աջակցությամբ   մինչեւ տարեվերջ կլուծվի նաեւ այս հարցը: Անհրաժեշտ գույքը կտրամադրվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից:

Տնօրեն Անահիտ Տեր-Մարտիրոսյանի տեղեկացմամբ, վերանորոգումը դպրոցի համար խիստ անհրաժեշտ  եւ օրախնդիր էր: Դրանով, ըստ էության, լուծվեց կարեւորագույն մի հարց՝ դպրոցի պահպանումն եւ առաջիկայում գործունեության ծավալների ընդլայնումը: Քանզի, երկու դպրոց ունեցող գյուղում վերանորոգումից հետո նկատելիորեն ավելացել է իրենց աշակերտների թիվը, ինչն էլ վկայում է այս կրթօջախի առաջիկայում արդյունավետ  գործունեության ապահովման մասին: