Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 46-ամյա Հմայակ Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է: Այս մասին NEWS,am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան: Սոֆի Դեւոյանի վարորդը շարունակում է մնալ կալանքի տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Նշենք, որ այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, հունիսի 3-ի կեսօրին, Դավիթ Բեկի փողոցում Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով, 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից 1-ը մահացել էր:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հոգու եւ պարի թատրոնի ղեկավար Սոֆի Դեւոյանը հաստատել էր տեղեկությունը եւ նշել, որ զայրացած է, որ իր վարորդն առանց իրենց հարցնելու մեքենան վարել է: «Դա իմ անձնական մեքենան է եւ նա որպես վարորդ է աշխատում: Փաստորեն գիշերը չգիտեմ որտեղից է վերադառնալուց եղել ու նման շատ վատ դեպք է տեղի ունեցել: Շատ վատ»,-նշել էր Սոֆի Դեւոյանը:




























