Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում համայնքային ծրագրով այս տարի հիմնանորոգված հանգստյան գոտու հանդիսավոր բացմանը:
Երկրի ղեկավարին ներկայացնելով տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված տարածքի բարեկարգման աշխատանքների ծավալը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 1.7 հա ընդհանուր տարածքով զբոսայգում, սահմանված չափորոշիչներին համապատասխան, կատարվել է գոյություն ունեցող մոտ 3000 քմ մակերեսով ջրավազանի հիմնանորոգում՝ յուրաքանչյուր կիսակլորի մեջ գործարկելով նոր ստեղծված մեկ շատրվան։ Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձեւավորմամբ բետոնե սալեր, ամբողջությամբ փոխվել են բազալտե եւ բետոնե եզրաքարերը, կառուցվել եւ գործարկվել է երկու նոր ցայտաղբյուր:
Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, երեք բաց եւ մեկ փակ զրուցարան–տաղավարներով, երեք խաղային ատրակցիոններով, սպորտային առանձին հրապարակով եւ արտաքին լուսավորման ձեւավոր էլեկտրասյուներով։
Բացի այդ, քաղաքապետը նաեւ նշել է, որ տարածքի կանաչապատման նպատակով ամբողջությամբ փոխարինվել է զբոսայգու ընդհանուր տարածքի ավելի քան 4000 քմ վրա առկա պիտանությունը կորցրած հողաշերտը, իսկ հանգստի գոտու կանաչ զանգվածի ոռոգման նպատակով անցկացվել է 2035 գծամետր երկարությամբ ոռոգման նոր ցանց։ Տարածքում տնկվել է 750 մշտադալար տնկի:
Շրջելով եւ ծանոթանալով հանգստյան գոտում ստեղծված պայմաններին, Հանրապետության նախագահն ու Երեւանի քաղաքապետը զրուցել են նաեւ զբոսայգում իրենց հանգիստն անցկացնող բնակիչների հետ: Օգտվելով առիթից բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել հանրապետության նախագահին եւ Երեւանի քաղաքապետին տասնամյակներ շարունակ անխնամ մնացած տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու եւ իրենց տնօրինմանը հանձնելու նախաձեռնության համար:
Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում հանգստի գոտիների ստեղծման ծրագիրը լինելու է շարունակական. «Մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովման մեր քաղաքականությունը ենթադրում է բոլոր վարչական շրջաններում ունենալ հանգստի եւ ժամանցի նմանատիպ կենտրոններ: Այս տարվա ընթացքում հինգ վարչական շրջաններում մենք արդեն բնակիչներին ենք հանձնել նման փոքր կենտրոններ եւ այսօր Աջափնյակ վարչական շրջանում շահագործման հանձնեցինք հերթական հանգստի գոտին: Այգիների եւ պուրակների վերակառուցման, ինչպես նաեւ նորերի ստեղծման ծրագրերը լինելու են շարունակական եւ հաջորդ տարիներին մենք մյուս վարչական շրջաններում եւս կունենանք նմանատիպ կենտրոններ»,-նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ նշել է, որ վարչական շրջանների նմանատիպ կենտրոնների ստեղծման աշխատանքների ընթացքը մշտապես եղել է իր անմիջական հսկողության ներքո: «Աշխատանքային շրջայցերի շրջանակում մենք մշտապես այցելել ենք նաեւ բոլոր շինհրապարկներ, այդ թվում նաեւ նմանատիպ կենտրոնների կազմակերպման աշխատանքներին հետեւելու, ինչն էլ հնարավորություն է տվել հենց տեղում շտկել թերությունները: Մայրաքաղաքում բնակիչների հարմարավետությանն ուղղված ցանկացած ծրագրի հիմքում մենք, որպես սկզբունք հաշվի ենք առնում բնակիչների առաջարկներն ու խորհուրդները, ինչի արդյունքում էլ ապահովվում է հարմարվետ միջավայր»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Հանգստյան գոտու վերակառուցման աշխատանքները կատարվել են երեք ամսում:





























