Ընթացիկ տարվա օգոստոսին հանրապետությունում առանձնատների առքուվաճառի գործարքների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 19,5%-ով, այդ թվում Երեւանում` 1,6%-ով: Իհարկե, ամիսը փոքր ժամանակահատված է լուրջ եզրակացությունների համար, եւ նշված 1,6%-ն էլ որոշիչ չէ մայրաքաղաքի համար:
Ներկայումս առանձնատների, ինչպես նաեւ բնակարանների գների հետ կապված հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել` կապված Հայաստանում դոլարի փոխարժեքի հետ: Տեղեկանքի համար նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կանաչ թղթադրամներն ամրապնդվել են 43,7 դրամով կամ 11,9%-ով:
Անշարժ գույքի շուկային նրբություններին չտիրապետողները կարող են հարցնել, թե ինչ կապ ունի արտարժույթը «հայրենական» առանձնատների հետ: Պետք է նշել, որ ամենաուղղակի` հաշվի առնելով, որ առքուվաճառքի գործարքների ժամանակ շատ հաճախ հիմնվում են հենց այդ արժույթի վրա:
Ավելի ճշգրիտ համեմատության համար ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն օգտագործում է «ստանդարտ առանձնատուն» հասկացությունը, որն ունի 250 քմ բնակելի տարածք եւ 400 քմ տնամերձ հողամաս:
Այսպիսով, Երեւանում տարվա ընթացքում ստանդարտ առանձնատան 1 քմ-ի միջին շուկայական արժեքն ավելացել է 4,0 հազ. դրամով: Մայրաքաղաքի վարչական շրջանների կտրվածով թանկացումն ավելի շատ նկատվել է կենտրոնին մոտ վայրերում. Նորք Մարաշում «քառակուսին» թանկացել է 15,9 հազ. դրամով, որին հաջորդում է Քանաքեռ Զեյթունը` 12,9 հազ. դրամ աճով: Երրորդ-չորրոդ տեղերում Կենտրոնն ու Շենգավիթն են: Առաջինը մայրաքաղաքում բանկարանների գնով առաջատարն է:
Շուկայական միջին գների դոլարային հաշվարկն ընթացիկ տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցույց է տալիս, որ դրանք նվազել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առանց բացառության: Նշված ժամանակահատվածում դոլարն հետեւողական կերպով ամրապնդվել է: Ստորեւ ներկայացվում է ստանդարտ առանձնատան` դոլարով արտահայտված գնի անկումը բացարձակ մեծությամբ:

Ամենամեծ նվազումն արձանագրվել է էլիտար Կենտրոն շրջանում` միջինը 26,1 հազ. դոլար, այնուհետեւ հաջորդում է Դավթաշենը` 24,8 հազ. դոլար, Էերբունին` 24,4 հազ. դոլար եւ Արաբկիրը` 21,9 հազ. դոլար: Եվ չնայած նման նկատելի անկմանը, մայրաքաղաքում, այնուամենայնիվ, առանձնատների գները շարունակում են բարձր մնալ:
Եվրոպական առանձնատների գների ծանոթ անձինք աչքերին չեն հավատում ծանոթանալով երեւանյան գներին. պարզվում է, որ երբեմն եվրոպական վիլլան, իր զբոսավայրով, անհամեմատ ավելի էժան է, քան երեւանյան «դղյակները»: Եթե մայրաքաղաքի կենտրոնում միջին ստանդարտ առանձնատան արժեքը կազմում է մեկ միլիոն դոլարի երրորդ մասը, ապա ինչպիսի՞ն կարող են լինել թանկարժեք «դղյակների» գները:






























