«Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, հունիսի 7-ին, ժամը 08.35-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի առթիվ Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հատկանիշներով:

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասից հայտնեցին, պայթյունի հետեւանքով տուժած 55-ամյա Է. Ղազարյանը, ով երկար ժամանակ գտնվում էր «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, դեռեւս աշխատանքի չի գալիս: Նա գտնվում է տանը, կազդուրվում է: «Մարիաննայից» վստահեցրին, որ տուժողին փոխհատուցել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին. ժամը 08.35-ին տեղեկություն էր ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասում` «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր էր մեկնել ՃԿԿ  օպերատիվ  խումբը: Պայթյունի հետեւանքով տուժած 55-ամյա Է.Ղազարյանը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):

Ըստ այդ հոդվածի`  տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:  ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներից եւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացուցչից կազմված հանձնախումբը, անցկացնելով տեխնիկական քննություն, եզրակացրել է, որ դժբախտ դեպքի պատճառ են հանդիսացել շոգեկաթսայի ավտոմատ համակարգի աշխատանքի խափանումը եւ հնոցապանի անփութությունը: