«Հրապարակը» գրում է, թե գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը, պարզվում է, «քցել է» ոչ միայն Փայլակ Հայրապետյանին, այլեւ մի ամբողջ խումբ մարդկանց, որոնց անցած տարի տարել է Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետություն՝ իր հանքերում աշխատելու:

Աշոտ Սուքիասյանը նրանց խոստացել է ամսական 2 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ եւ, իսկապես՝ սկզբում որոշ վճարումներ արել է, ապա դադարեցրել, եւ մինչ օրս նրանք Սուքիասյանից չեն կարողանում ստանալ իրենց փողերը: Խոսքը բավական մեծ գումարների մասին է:

 «Ճիշտ է, պայմանագիր չենք ստորագրել, բայց պայմանավորվածություն է եղել, որ ամսական 2 հազար դոլար աշխատավարձ պիտի տար: Գնացել-աշխատել ենք, ընթացքում հազարը տվել ա, վերջինն ստացել ենք ապրիլի 5-ին, բայց 9 հազար դոլարի չափով պարտք ա ու ոչ միայն ինձ: Գրիշային էլ ա պարտք, բժիշկ ունեինք՝ Հրանտ Մուրադյան, նրան էլ ա պարտք, Ղուկասին էլ ա պարտք, մի ուրիշ բժշկի, ու մի հոգի էլ մահացավ՝ նրանց էլ ա պարտք (թվարկում է բրիգադի անդամներին)»,- մեզ հետ զրույցում պատմեց Արա Հակոբյանը, ով Սիերա Լեոնե էր մեկնել որպես հորատողի օգնական:

Արա Հակոբյանի պատմելով, իրենց բրիգադն այնտեղ է մեկնել հանքերում հետազոտություններ, ուսումնասիրություններ անելու, փորձանմուշներ վերցնելու համար, որից հետո նոր միայն պետք է սկսվեր հանքերի շահագործումը: Սիերա Լեոնե արտագնա աշխատանքի մեկնած անձանցից մի մասին 10 ամիս անց մի կերպ է հաջողվել հետ վերադառնալ Հայաստան: