23-ամյա Վ. Չ.-ն ամանները լվանալու շուրջ վիճաբանել է իր ծառայակից, շարքային Ս. Հ.-ի հետ եւ ծեծել նրան: Բերդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

23-ամյա Վ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ ՀԳՄ-ի 6-րդ վաշտի 3-րդ դասակի 1-ին ջոկում որպես գնդացրորդ, կոչումով շարքային, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները: Իր կողմից ամանները չհավաքելու պատճառով վիճաբանել է համածառայող, շարքային Ս. Հ.-ի հետ եւ գործադրել բռնություն` բռունցքով հարվածել է վերջինիս գլխին: Քրեական գործ է հարուցվել 359 հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2  տարի ժամկետով: