Սփյուռքի նախարարությունում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային  խորհրդակցություն, որին մասնակցում էին Համահայկական հոգեւոր եւ աշխարհիկ կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության նպատակը  Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների քննարկումն էր, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի գնահատումը եւ հիշյալ կառույցների կողմից առաջիկա անելիքների ճշգրտումը:

Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը եւս մեկ անգամ նշել է, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, եւ արդեն ընդունվել են ՀՀ կառավարության, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչությունների՝ մեկ տասնյակից ավելի որոշումներ, կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ:

Զեկույցով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նշվել է, որ սիրիահայերը հնարավորություն ունեն անվճար բուժօգնություն ստանալ առաջնային բուժսպասարկման ոլորտում, դյուրացվել է անձնագրերի եւ երկիր մուտք գործելու արտոնագրերի տրամադրման գործընթացը: Զրոյացված են փաստաթղթերի ժամկետանց լինելու պարագայում սահմանված տույժերը: Չեն գանձվում մեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում սահմանված մաքսային վճարները: Երեւանում գործում է սիրիական կրթական ծրագրով դպրոց, որտեղ սովորում է 270 աշակերտ, դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ:  Սիրիահայերի կողմից ստեղծվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է Հայաստանում գտնվող սիրիահայերի խնդիրների համակարգմամբ, նյութական աջակցության կազմակերպմամբ:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման նպատակով գումարվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ձեւակերպվել է առաջ քաշված հիմնախնդիրների ցանկը  եւ ներկայացվել է ՀՀ վարչապետին:

Ըստ զեկույցների՝ նշանակալի աշխատանք է կատարել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը պատրաստակամություն էր հայտնել աջակցություն ցուցաբերել սիրիահայ ուսանողների ուսման վարձի, մարզերում բնակություն հաստատել ցանկացողների բնակարանի վարձի վճարման հարցում: ՀԲԸՄ-ի տրամադրած գրասենյակային տարածքում գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ներկայացրել է ՀՅԴ կողմից ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը՝ սիրիահայերին պարենամթերքով  աջակցելու, շուրջ 60 տոննա սննդամթերք հավաքագրելու գործընթացի մասին:

Ըստ Հայ օգնության միության ներկայացուցիչ Նարինե Գալստյանի՝ յուրաքանչյուր ուրբաթ օր հանդիպումներ են կազմակերպվում «Արամ Մանուկյան» կենտրոնում, ճշգրտվում են սիրիահայերի պահանջներն ու ցանկությունները: Ըստ այդմ՝ շուրջ 220 սիրիահայի հագուստ եւ կոշիկ, 160 ընտանիքի պարենամթերք է տրամադրվել, առաջիկայում կբաժանվեն նաեւ ծածկոցներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը տեղեկացրեց, որ վերանայումներ են կատարվել հիմնադրամի ծրագրերում, ըստ որոնց՝ նոյեմբերին հավաքվելիք գումարի 10 տոկոսը տրամադրվելու է Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:

ՀՄԸՄ «Հասկ»  ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ ծրագրեր են իրականացվում՝ սիրիահայ երիտասարդների հայաստանյան առօրյան կազմակերպելու ուղղությամբ:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ ներկայացուցիչ Աիդա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ իրենց կողմից ծրագրեր են մշակվել եւ ներկայացվել Գերմանական կողմին՝ առավել կարիքավոր ընտանիքներին շուրջ 150 եվրո ամենամսյա օգնություն ցուցաբերելու  նպատակով:

Ըստ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ ղեկավար Կամո Տեր-Պետրոսյանի՝ վերաձեւակերպվել է իրենց գործունեությունը. շուրջ 50.000 դոլար հավելյալ ֆինանսավորում է հատկացվել սիրիահայերի առողջապահական խնդիրների համար: Հատուկ հրահանգով սիրիահայերի 1-14 տարեկան երեխաները սպասարկվում են արտահերթ եւ անվճար:

«Վերադարձ Հայաստան» ՀԿ նախագահ Վարդան Մարաշլյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը անհատական աշխատանք է տանում սիրիահայերի հետ, փորձում աջակցել նրանց աշխատանքի տեղավորման ուղղությամբ:

«Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք համագործակցում են միջազգային կառույցների հետ՝ փորձելով նյութական աջակցություն ստանալ:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նշանակալի գործունեություն են ծավալել նաեւ «Տաշիր» հիմնադրամը, Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց առանցքային մի քանի հիմնահարցերի վրա, ինչպիսիք են  Հայաստանում գտնվող սիրիահայերի աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովման հարցերը: Նախարարը նշեց, որ սիրիահայերի կողմից բարձրացված բոլոր ընդհանրական խնդիրները ստացել են համապատասխան լուծումներ, մինչդեռ ժամանակի ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում: Նախարար Հ. Հակոբյանը կարեւորեց սիրիահայերի համար Հայաստանում սեփական գործ հիմնելու հնարավորության ստեղծումը, ինչը կնպաստի նաեւ աշխատատեղերի ավելացմանը: 

Խորհրդակցության ավարտին ներկաները պատրաստակամություն հայտնեցին առավել համակարգված համագործակցել միմյանց հետ, նախանշվեցին  հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: