Նոյեմբերի 1 ին՝ մոտավորապես ժամը 8:10, Էջմիածին-Մասիս ուղեմասում ավտոմեքենան բախվելէ № 7011 ուղեւորատար գնացքին՝ Արաքս-Երեւան երթուղով: Բարեբախտաբար, տուժողներ չկան:
ՀԿԵ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, կրկին պատահարը տեղի է ունեցել վարորդի անպատասխանատվության պատճառով. արհամարհելով անվտանգության բոլոր կանոնները՝ վարորդը հատել է երկաթուղային գծերը՝ չհետեւելով ճանապարհատրանսպորտային կանոններին, այդպիսով վտանգելով ոչ միայն իր կյանքն ու առողջությունը, այլեւ գնացքի ուղեւորների անվտանգությունը:
«Որքան էլ ցավալի է, սա արդեն 2 ՃՏՊ-ն է վերջին շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել է OPEL մակնիշի մեքենայի: Արտակարգ արգելակման պարագայում գնացքը բախվել է մեքենային՝ շպրտելով այն 6-7մ: Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է մեկ եւ տուժել են 4 մարդ: Եվ այս ամենը թե իրավապահ մարմինների, թե երկաթուղու բազմակի զգուշացումներից հետո:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հերթական անգամ զուշացնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջեւ, քանի որ դա կարող է ծանր հետեւանքների բերել: Հաճախ նույնիսկ հսկվող գծանցերում վարորդները արհամարհում են հերթապահների զգուշացումները եւ փորձում անցնել ուղեփակոցը՝ գծերը հատելով ամբողջ արագությամբ ընթացող գնացքի առջեւից:
Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է երկաթուղային անցումների հագեցման եւ վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում անցումների խախտումները եւ թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ:
Երկաթուղային տրանսպորտը չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղեք ուշադիր եւ հիշեք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլեւ ուղեւորների կյանքն ու առողջությունը»,- ասվում է ՀԿԵ-ի տարածած հաղորդագրության մեջ:





























