NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արտաշատ քաղաքի «Ակբա-Կրեդիտ-Ագրիքոլ» բանկի մասնաճյուղի շենքը պայթեցնել սպառնացող անձի եւ այդ դեպքի վերաբերյալ: Դեպքի մասին ահազանգը ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Հովտաշենի բնակիչ Աշոտ Սիմոնյանը զանգել է ՄԻՊ գրասենյակ եւ ասել, որ կպայթեցնի բանկի մասնաշենքը: Աշոտ Սիմոնյանը պատմել է, որ մի քանի տարի առաջ ինչ-որ խնդիր է ունեցել, իր խանութը թալանել են, սակայն ոստիկանությունը պատշաճ քննություն չի իրականացրել, «իրական մեղավորներին ծածկել է», այդ իսկ պատճառով էլ պատրաստվում է պայթեցնել բանկը: Անհասականալի է, սակայն, թե ինչ կապ ունի բանկը խանութը թալանելու եւ իր իսկ խոսքով, «ոչ օբյեկտիվ» քննություն իրականացնելու հետ:
Արարատի մարզի Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, Աշոտ Սիմոնյանը հոգեկան շեղումներ ունի: Նրա խոսքով` բանկը պայթեցնել սպառնացող համագյուղացին մոտ 45-46 տարեկան մի տղամարդ է, ամուսնացած է, ունի երեք երեխա, մայր, եղբայր, քույր եւ այլն:
Այժմ Աշոտ Սիմոնյանը չի աշխատում, սակայն տարիներ առաջ, գյուղապետի խոսքով, տան մեջ ինչ-որ խանութ է ունեցել, մեծացրել է, սակայն վարկեր է վերցրել եւ չի կարողացել փակել: Այդ ժամանակվանից էլ նրա մոտ ի հայտ են եկել հոգեկան շեղումներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բանկը պայթեցնել սպառնացող քաղաքացին հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել Ոստիկանության Արտաշատի բաժին: Նրանց փոխանցմամբ` հանգամանքները ճշտվում են, կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել Արտաշատ քաղաքի «Ակբա-Կրեդիտ-Ագրիքոլ» բանկի մասնաճյուղի շենքը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: Ժամը 11.57-ին ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է:




























