«Կենդանի հավատի ընտանեկան եկեղեցի» աղանդավորական կազմակերպությունը Հայաստանում սկսել  է գործել 2011թ-ից եւ պետռեգիստրում գրանցված  չէ որպես կրոնական կազմակերպություն: Այս մասին այսօր նոյեմբերի 1-ին հրավիրած ասուլիսին ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այդ կրոնական կազմակերպության ղեկավարն է ոմն Արամ Ասատրյանը: «Նրանց թիրախը հիմնականում հանդիսանում են երիտասարդները: Նրանց խաբելով, համերգի հրավիրատոմսեր տալով գցում են իրենց ցանցը: Կազմակերպում են փակ, գաղտնի համերգներ, որի ժամանակ էլ զբաղվում են հոգեւորսությամբ: Հիսուսի անունից իբր երեխաների են բուժում: Այդ կառույցում կան նաեւ շոու բիզնեսից անդամներ, որոնց անունները ներկա պահին չենք կարող հրապարակել»,- նշեց Սեւակ Հովհաննսիսյանը:

«Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահը նշեց, որ նրանք իրենց հավատքները կազմակերպում են Երկաթուղայինների պալատում եւ տարբեր մշակութային տներում: «Ունեն մոտ 300-400 անդամ: Ավելին` բուժումների դիմաց մեծ գումարներ է վերցնում ժողովրդից: Սակայն կան այրդեն տուժողներ, քանի որ մեծ գումարներ են վճարել, բայց բուժումը տեղի չի ունեցել: Հիմա տեսաձայնագրությունները չենք ցանկանում տարածել, որ իրենց համար գովազդ չհանդիսանա, սակայն  խոստանում ենք, որ շուտով կարճ տեսահոլովակներ կտեղադրենք համացանցում»:

Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյաննն էլ ավելացրեց, որ ցանկացած մեկն, ով անցել է նրանց բովի միջով, հոգեկան խորը խնդիրներ է ունենում եւ բավական երկար ժամանակ է պետք, որ վերականգնվեն: «Շատ անգամներ նաեւ մարդիկ ինքնասպանություն են գործել եւ շատ դեպքեր կան, բայց այդ ամենը այսօր, չգիտես ինչու, չեն ուզում հրապարակել: Ավելին` չունենք այնպիսի մասնագետներ ովքեր կկարողանան ապացուցել, որ այդ ինքնասպանության հիմքում ընկած է, ոչ թե կենցաղային ինչ-ինչ խնդիրները, այլ հոգեբանական խորը սթրես, որը առաջացել է քայքայիչ աղանդների գործունեությունից»,- նշեց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am