Այսօր ՀՀ նախագահին եւ վարչապետին դիմում է հղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ խնդրելով  հարգել Հայաստանի օրենքները եւ վերացնել ՀՀԿ-ի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի անօրինական օգտագործումը:

Սեպտեմբերի 13-ին տիկին Փոստանջյանը պատգամավորական հարցում էր հղել ՀՀ վարչապետին՝ խնդրելով տեղեկացնել. «1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի` քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների եւ այլն, ո՞ր տարածքներն են (տարածքի գտնվելու հասցեն) վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: 2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի` քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների եւ այլն, ո՞ր տարածքներն են վարձակալվում կամ անհատույց օգտագործվում` Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցապաստառները, դրոշները, պատկերանշանը տեղադրելու համար»: Կառավարությունից պատասխանել էին,  որ  ՀՀԿ-ին տրամադրված տարածքների ցանկը՝ ըստ գտնվելու վայրի, թվով 5-են. երկուսը` Երեւանում, երկուսը` Արագածոտնի մարզի Թալին ու Ծաղկահովիտ համայնքներում եւ մեկը` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:  ՀՀ կառավարությունը իր պատասխանով հայտնել է նաեւ, որ ՀՀԿ-ի կողմից ցուցապաստառներ, դրոշներ, պատկերանշաններ տեղադրելու համար վարձակալված կամ անհատույց օգտագործման տրամադրված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տարածքներ չկան:

«Իրականում ՀՀԿ-ի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի եւ հանրային տարածքների անօրինական օգտագործումը համատարած է եւ անհերքելի (տես սույն դիմումին կից լուսանկարները):

Հիմք ընդունելով վերոգրյալը` հորդորում եւ պահանջում եմ անհապաղ վերացնել ապօրինությունները, այլապես  ստիպված եմ լինելու ծանրաբեռնել դատական համակարգը` Ձեր կողմից ղեկավարվող կուսակցության անօրինական գործունեության դեմ դատական հայց ներկայացնելով:

Միեւնույն ժամանակ պատրաստակամություն եմ հայտնում անձամբ Ձեզ ուղեկցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքեր եւ հանրային տարածքներ, որտեղ ՀՀԿ-ն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ծավալել է վերոհիշյալ ապօրինի գործունեությունը»,- նշված է նամակում: