Բուսակերության ջատագովների թիվը մեր օրերում գնալով աճում է։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց Հիմալայան յոգայի մասնագետ Վահագն Վարդումյանը։
Նա նշեց, որ Հայաստանում բուսակերների թիվն այդքան էլ շատ չէ, բայց նկատվում է աճի տենդենց. « Ես բուսակերության եմ անցել արդեն վաղուց։ Առաջին երկու տարիների ընթացքում ինձ վախեցնում էին, որ կմեռնեմ, սակայն ինչպես տեսնում եք, ողջ-առողջ եմ, ու մեր հասարակությունը պետք է մեկընդմիշտ ընդունի, որ բուսակերությունը միայն նպաստում է մարդու կենսական ու հոգեւոր ներդաշնակությանը»,- ասաց Վարդումյանը։
Հարցին՝ արդյո՞ք օրգանիզմին վնասակար չէ միայն բուսական սննդի ընդունումը, նա ասաց, որ ի տարբերություն կենդանիների, մարդու մարսողության օրգանները փոքր են, սակայն աղիքային համակարգն ավելի երկար, ուստի այն թույր կարծիքը, որ բուսական սննունդը դժվարամարս է՝ այդքան էլ այդպես չէ, քանի որ սնունդն աղիներով անցնելու ընթացքում ենթարկվում է մշակման. «2011թ.-ին Շվեդիայի Կարոլինյան համալսարանի գիտնակաները պարզել են, որ օրգանիզմին անհրաժեշտ բոլոր ամինաթթուներն առկա են բանջարեղեններում։ Ես բուսակեր եմ արդեն 10 տարի ու խորհուրդ կտայի ձեզ փորձել։ Բացի այդ, կենդանական սննդի չարաշահումը կարող է առաջացնել մեզ մոտ այդքան տարածված աղերի կուտակումների»-ասաց մասնագետը։
Հարցին, թե ինչպումն է յոգայի ու բուսակերության կապը, նա պատասխանեց, որ դա բարոյական ու փիլիսոփայական ներդաշնակ կենսակերպ է, իսկ մեր օրերում մսակերությունից հիմնականում հրաժարվում են առողջությունը պահպանելու նպատակով. «Արեւմտյան երկրներում բուսակերության են անցնում մի շարք դրդապատճառներով՝ առողջությունը պահպանելու, էթիկայի, բնապահպանության, էստետիկայի, տնտեսական, ու մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր մարդ ունի ընտրության իրավունք»,-ասաց Վարդումյանը։
Նա ավելացրեց, որ իրենց յոգայի կենտրոնում, որն ի դեպ, Հայաստանում միակ լիցենզավորված համալիրն է, պարապմունքներն անցկացվում են մարդկանց առողջության ու հոգեւոր ներդաշնակության հաստատման նկատառումներով, ապահովվում օգտակար սննդակարգեր. «Չմոռանանք, որ բուսակերությունը համարվում է յուրատեսակ ինքնամաքրման միջոց»,-ավարտեց յոգայի մասնագետը։




























