Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի, արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունների պետերը, «Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենն ու ՄԱԿ-ի  Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երեւանի քաղաքապետարանի  www.iyerevan.am կայքը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ընդգծելով, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից մշտապես կարեւորվում է մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավումն ու քաղաքացիների մասնակցության ապահովումը քաղաքի կառավարման գործում` կայքի հեղինակները ներկայացնելով այն նշել են, որ առաձնացված տարբեր բաժիններով յուրաքանչյուր ոք, ցանկության դեպքում,  կարող է իր մասնակցությունն ունենալ քաղաքապետարանի կողմից Երեւանի բարերկարգման եւ արտաքին տեսքի ձեւավորմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու քննարկմանը, բարձրացնել հարցեր՝  ներկայացնելով դրանց լուծման սեփական տարբերակը: Առաջարկություններ անելու համար քաղաքացին պետք է գրանցվի համակարգում կամ օգտագործի Facebook սոցիալական ցանցի իր գրանցումը:

iyerevan.am-ում քաղաքացիները կարող են մասնակցել նաեւ քննարկումների, ծանոթանալ ընթացիկ եւ իրականացված ծրագրերին: Կայքի միջոցով նաեւ հայտարարվելու են բաց մրցույթներ:

«Նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը բոլոր շահագրգիռ անձինք եւ կազմակերպությունները կարող են մասնակցել «Երեւան քաղաքի արտաքին ձեւավորման հայեցակարգ»-ի մշակմանը եւ ներկայացնել առաջարկություններ: Քաղաքացիներին կողմից առավել շատ հավանության արժանացած առաջարկները կքննարկվեն Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում եւ կյանքի կկոչվեն։ Բացի այդ, նախատեսում ենք նաեւ Երեւան քաղաքի գովազդային հայեցակարգի մշակման եւ մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթներ»,-նշել է Երեւանի քաղաքապետքարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման  եւ գովազդի վարչության պետը:

Կայքը նաեւ հնարավորություն է ընձեռում տեղեկանալ քաղաքային տնտեսության բարելավմանը, կրթական, մշակութային, սոցիալական եւ այլ խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին եւ, նվիրատվությունների միջոցով, աջակցել դրանց իրագործմանը՝ սեփական ներդրումն ունենալով Երեւանի համաչափ զարգացման գործում:

Ծրագիրն, ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի համագորխակցության հերթական արդյունքն է եւ իրականացվել է ՄԱԿ-ի  Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Գեղեցիկ Երեւան»  ծրագրի շրջանակում: