Ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից`«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախատեսում է վաղը` նոյեմբերի 2-ին, ժամը 13-ին բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երեւան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը կոչ է արել քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցին:
Հիշեցնենք, որ փաստաբան Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատավճիռ:
Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:





























