Հին ժամանակներում մարդիկ հրաժարվում էին կենդանական սննդակարգից՝ ելնելով կրոնական ու բարոյագիտական չափանիշներից։ Բուսակերության թեմայի շուրջ նոյեմբերի 1-ին՝ մամուլի ասուլիսում մեկնաբանություններ տվեցին Հիմալայան յոգայի մասնագետ Վահագն Վարդումյանն ու Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը.
«Գրեթե բոլոր կրոնական համակարգերում բուսակերությունը հոգին մաքրելու ու կատարելության հասնելու կարեւոր պայման է։ Իսկ բուդդայականությունն ու հինդուիզմը ընդհանրապես բացառում են մսակերությունը։ Քրիստոնյաների մոտ հիմնականում բուսակերությունը տարածված է եղել հոգեւորականության շրջանում, սովորական մարդկանց համար սահմանված է պասերի համակարգ, որի ընթացքում արգելված է մսեղենի օգտագործումը»-ասաց Վարդումյանը։
Անրադառնալով Հին Հայաստանում բուսակերության պատմությանն ու ավանդույթներին, Բամինե Բաղրամյանը նշեց, որ հայ ժողովրդի սննդակարգում բուսակերությունը տարածված է եղել դեռ հեթանոսական ժամանակներից, հիմնականում հեթանոսական տոների սննդատեսակներում. «Իսկ քրիստոնեական Հայաստանում դա իր վառ արտահայտությունն է գտել կրոնավորների շրջանում՝ ճգնավորության տեսքով, ինչպես նաեւ բժշկական նկատառումներով կամ ուղղակի եղել են սովորական ավանդական ճաշատեսակների ցանկում»,-ասաց նա։
Իսկ Վարդումյանը, նշեց, որ մարդիկ, հնագույն ժամանակներից զբաղվել են արմատապտուղների ու բույսերի հավաքով. « Մարդկանց համար ավելի հեշտ է անտառում մորի կամ հատապտուղ հավաքել, քան որսորդությամբ զբաղվելը։ Իսկ ինչ վերաբերվում է մսամթերքին՝ կնշեմ, որ հնում նրա միջոցով կտտանքների էին ենթարկում մարդկանց։ Մարդուն փակում էին խորը, մութ ու խոնավ հորերում, նրան կերակրում միայն մսով, արդյունքում՝ նրա երիկամները շարքից դուրս էին գալիս, ու նա տանջվելով մահանում էր»,- ասաց նա ու եզրափակելով՝ ավելացրեց. « Հիմնական բոլոր կրոններում ու ժողովուրդների մոտ բուսակերությունը համարվում ինքնամաքրման ինքնատիպ միջոց, առանց որի անհնար է հասնել հոգեւոր ներդաշնակության, ուղղակի այն համարվում է ընտրողների ճակատագիր»։





























