Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող 9 տուժածներից 5-ը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Հիվանդանոցում մնացել է 4 տուժած, որոնցից մեկը շարունակում է գտնվել Վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Հիվանդանոցում գտնվողներից երկուսը գտնվում է Վնասվածքաբանության, մյուսը`նյարդավիրաբուժության բաժանմունքում: Դեռ հայտնի չէ` երբ նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռեւս նորություն չկա, նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում:

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլվածքի տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եւ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 տ.): Նրանցից 9-ին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am