Հիմա մենք գտնվում ենք նախագահական ընտրությունների շեմին եւ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը աննախադեպ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական համակարգը ըստ էության երկբեւեռանի է, մի կողմից իշխանությունը, որպես քրեաօլիգարխիկ համակարգ, մյուս կողմից՝ ԲՀԿ-ն՝ որպես մյուս բեւեռ՝ նույնպես որպես քրեաօլիգարխիկ համակարգ: «Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված այս իրավիճակը, որտեղ փորձ է արվում կարծես թե Հայաստանում հաստատել այսպիսի երկուսակցական քաղաքական համակարգ, կարծես թե որեւէ այլ հնարավորություններ չի թողնում: Այս իրավիճակում երկու կողմն էլ ձգտում են մյուս բոլոր քաղաքական ուժերին դարձնել մարգինալ: Ըստ էության՝ ՀՀ քաղաքացին,քաղաքացիական հասարակությունը որեւէ քաղաքական ընտրություն չունի եւ, իմ խորին համոզմամբ, այս երկու բեւեռները չեն կարող ունենալ քաղաքացիական հասարակության կողմից որեւէ դրական վրաբերմունքի»,- ասաց նա:
Դավիթ Շահնազարյանը ընդգծեց, որ կարծես թե մեր հասարակությունն էլ բավական անտարբեր է առաջիկայում սպասվող ընտրությունների նկատմամբ, «այսինքն՝ ըստ էության սպասվում է ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն»: Նրա կարծիքով՝ իրականում իշխանությունը հստակ ապացուցել է, որ որեւէ փոփոխություն, որեւէ բարեփոխում չի պատրաստվում անել, նույնիսկ ի վիճակի էլ չէ անել, քանի որ էությունը քրեաօլիգարխիկ է: «Անընդհատ խոստումներ, ինչպես հասարակությանը, այնպես էլ Եվրամիությանը եւ եվրոպական կառույցներին, իսկ արդյունքում՝ ոչինչ: Իշխանությունը առայժմ շարունակում է ասել` ինչ-որ բան կանեմ, երբեք չի ասում, որ այս բանը արեցի: Այս ձեւով, կառուցվածքով եւ բովանդակությամբ Հայաստանի իշխանություննը բացառում են որեւէ էվոլուցիոն զարգացում: Մյուս բեւեռը ընդհանրապես ոչ միայն ոչինչ չի անում, այլ որեւէ նման առաջարկներով ընդհանրապես հանդես չի գալիս: Իրականում երկրորդ այդ բեւեռը՝ ԲՀԿ-ն է՝ իր արբանյակներով կամ առանց արբանյակների, որը ըստ էության իրենից ներկայացնում է այն պահանջները, որ այսօր Ռուսասատանն է ներկայացնում Հայաստանի իշխանություններին»,- ասաց նա՝ չնշելով, թե ՀԱԿ-ը այդ արբանյակներից մեկն է, թե ոչ:
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ քաղաքական իմաստով անվերապահ պահանջն է, որ Հայաստանը մաս կազմի Եվրասիական միությանը, իսկ երկրորդ պահանջը այն է, որ Ռուսաստանին հանձնվի գործադիր իշխանության կարեւորագույն լծակների տնօրինումը: «Սրանով Ռուսաստանը, ըստ էության, պահանջում է, որպեսզի իր վերահսկողության տակ լինի Հայաստանի հարաբերությունները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանի իշխանությունները հստակ ուղերձ ուղարկեցին Ռուսաստանին,որ պատրաստ են ընդունելու քաղաքական պահանջները, բայց ոչ գործադիր իշխանության լծակների հանձնումը Ռուսաստանին, որովհետեւ պարզ է, որ դրա հետեւանքով Սերժ Սարգսյանը կդառնա արարողակարգային նախագահը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների Ռուսաստանին ուղղված ուղերձը ՀԱՊԿ-ի քվերակությունն է ԱԺ-ում, երբ «առանց որեւէ հիմնավորման Հայաստանի խորհրդարանը համաձայնեց էապես սահմանափակել իր ռազմական համագործակցության սհամնաները բոլոր այն երկրների հետ, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն՝ փոխարենը ոչինչ չստանալով, սակայն Մոսկվայի համար սա բավարար չէ»
Նրա խոսքով՝ իրավիճակը զարգանում է այդ ուղղությամբ, թե ինչ պայմանավորվածությունների կհասնեն Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ: Իմ խորին համոզմամբ՝ Մոսկվան սխալվում է մի հարցում եւ չի կարողանում հականալ, որ այս օլիգարխիկ համակարգ ունեցող իշխանությունը կարող է ունենալ շատ սահմանափակ հարաբերություններ թե Եվրամիության, թե ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսով, Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգը իր ամբողջությամբ ի վիճակի չէ ձեւավորել Հայաստանի քաղաքական օրակարգ: Ես լուրջ հուսյեր ունեմ, որ այս իրավիճակում Հայաստանի քաղաքական օրակարգը կձեւավորվի քաղաքացիական հասարակության կողմից»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ շեշտելով, որ իրավիճակը կփոխվի, եթե Հայաստանում ձեւավորվի լիբերալ-դեմոկրատական ընդդիմություն` քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ:





























