Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին 2013 թ. պետական բյուջեում հատկացված գումաները բավարար չեն: Այդ մասին այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ինքը բյուջեից լրացուցիչ 14.4 մլն դրամ է խնդրել, որից 11.8 մլն դրամը չի բավարարվել: Նրա տեղեկացմամբ՝ լրացուցիչ գումարները հարկավոր են բժիշկի, սոցիոլոգի, սոցիալական աշխատողի, աուդիտի հաստիքներ ավելացնելու համար, ինչպես նաեւ՝ ներքին գործուղումների համար: Ըստ Կ. Անդրեասյանի՝ այդ լրացուցիչ հատկացումները բխում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, մասնավորապես՝ «Խոշտանգումների դեմ միջազգային կոնվենցիայի» անդամ ենք, որը նախատեսում է ազգային կանխարգելման մեխանիզմի ներդրում:
Կ. Անդրեասյանն ասաց նաեւ, որ ունի կենտրոնական գրասենյակում 45 հաստիք, 4 հնամաշ ավտոմեքենա ու 48 համակարգիչ, որոնց մեծ մասը նույնպես մաշված են:
Ինչ վերաբերում է արագ արձագանքման ծառայությանն ու մարզային 6 գրասենյակներին, ապա՝ Կ. Անդրեասյանի ներկայացմամբ, դրանք գոյատեւում են կամավորների ու Եվրամիության դրամաշնորհի հաշվին: Սակայն դրամաշնորհի ժամկետը ավարտվում է 2014 թ., իսկ կամավորներին հնարավոր չէ տարիներ շարունակ զուտ էնտուզիազմի հիման վրա ուղարկել կալանավայրեր, զորամասեր ու ոստիկանական բաժանմունքներ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am




























