23-ամյա Բ.Ա.-ն, 3 ընկերների հետ պայմանավորվածության գալով, փորձել է ամուսնության նպատակով առեւանգել Դ.Ա.-ին: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Ըստ գործի նյութերի, Բ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  իր ծանոթ Դ. Ա-ն ամուսնության նպատակով առեւանգելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել իր ծանոթներ Վ. Վ-ի, Կ. Հ-ի եւ Ա. Դ-ի հետ` նախապես դերաբաշխելով յուրաքանչյուրի գործողությունները: 4 ընկերների դեմ էլ քրեական գործ է հարուցվել 131    հոդվածի   2-րդ մասի 1-ին կետով` մարդուն առեւանգելը,  որը կատարվել է`մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: