Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ առավել քիչ ձայներ հավաքած 3 ուժերը՝ «Միավորված հայեր», Հայաստանի դեմոկրատական եւ Կոմունիստական կուսակցությունները փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում առայժմ չունեն:

«Միավորված հայեր» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այդ հարցը կքննարկեն իրենց քաղխորհրդի նիստում եւ կհրապարակեն որոշումը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով, այդ հարցի հետ կապված կկողմնորոշվեն ավելի ուշ` հավանաբար դեկտեմբերին, կհրավիրվի համագումար կամ ընդլայնված նիստ: «Մենք այս տարի գտնում ենք, որ սեփական թեկնածուով հանդես գալն այդքան էլ նպատակահարմար չէ: Թեկնածուներին սատարելու խնդիրը որոշված չէ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի գործունեություն կծավալեն թեկնածուները: Գործող նախագահն անհամեմատ առավելություն ունի մյուս թեկնածուների նկատմամբ, նրանք պետք է խոստանան, ինքը կարող է  իրականացնել, եթե համոզվենք, որ դա ոչ թե իմիտացիա է, այլ իրական փոփոխություններ են լինելու եւ դա արդյունք է տալու, կքննարկենք դրա հնարավարությունը»,- ասաց նա:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը եւս դեռ որոշում չունի նախագահական ընտրությունների հետ կապված: Կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը կքննարկեն կուսակցության նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին կայանալիք Կենտրոնական կոմիտեի պլենումի ժամանակ: «Այդ ժամանակ կորոշվի` մենք մասնակցում ենք, առաջադրվում ենք, թե չենք մասնակցում, սատարում ենք կամ չենք սատարում: Դա միայն կորոշի մեր կուսակցության կոլեկտիվ օրգանը»,- ասաց նա:

Նշենք, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին արդեն հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: