Եթե որեւ ժողովրդի մասին բան չեն պատմում, ուրեմն նա լավ ժողովուրդ չի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ծագումով ապարանցի գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ), հավելելով, որ շատ լավ է վերաբերում ապարանցիների մասին անեկդոտներին: «Բայց մեկ-մեկ անեկդոտներում հնչեցվող դավաճանությունը, անհասկացողությունը ապարանցու տեսակը չէ: Նման բան չկա եւ նրան հարիր չէ: Ապարանցուն բնորոշ է համառությունը, ազնվությունը, ընկերասիրությունը, հայրենիքի նկատմամբ սերը»,- ընդգծեց գործարարը:
Ավելին` Արայիկ Հայրապետյանը հավաստիացրեց, որ ապարացիների մասին նոր անեկդոտներ իմանալու դեպքում ինքը մեծ ոգեւորությամբ պատմում է: Նա նույնիսկ պատմեց վերջին լսած անեկդոտը. «Ֆուտբոլային խաղի ժամանակ ապարանցի ֆուտբոլիստին ասում են դու միշտ հակառակորդի ֆուտբոլիստի կողքին կլինես: Խաղի ժամանակ տեսնում են, որ ապարանցի ֆուտբոլիստը չկա: Փնտրում են տեսնում, որ գնացել նստել է հակառակորդ թիմի փոխարինող խաղացողի կողքը, ում դեռեւս խաղի մեջ չեն մտցրել»:
Ըստ Արայիկ Հայրապետյանի, Ապարանցիների միությունը տվել է իր դրական արդյունքը: «Ապարանի տարածաշրջանը գտնվում է Հայաստանի ոչ բարենպաստ կլիմայական պայմաններում, բայց մենք մեր ուժերով կարողացանք պիտանի լինել այն տարածաշրջանի ժողովրդին: Ճիշտ հասկացեք, ապարանցին չի տարբերվում գյումրեցուց, քյավառցուց կամ արտաշատցուց, պարզապես Ապարանն ավելի բարցիթողի վիճակում է, բնությունն՝ անմշակ, ցուրտ, հետեւաբար այնտեղից արմատներով եկողները ոտքի ելան ժողովրդին սատար լինելու համար»,- ասաց Արայիկ Հայրապետյան:
Ինչ վերաբերում է նրա նախաձեռնությամբ ստեղծվելիք Գործարարների կուսակցությանը, Հայրապետյանը նշեց, որ կուսակցությունը կայացման փուլում է: «Մանր ու միջին բազմաթիվ բիզնեսմեններ արդեն ցանկություն են հայտնել անդամագրվել կուսակցությանը: Խոշոր բիզնեսմեններն անդամագրվելու հայտ չեն ներկայացրել: Ճիշտ ասած մենք չենք էլ ակնկալում, որովհետեւ իրենք քիչ են 15-30 հոգի եւ դա էական չէ: Մենք հազարների մասին ենք խոսում»,- նշեց Արայիկ Հայրապետյանը:





























