«ՀԱԿ-ն այսօր ինքնուրույն քաղաքական գործոն չէ, որպես ինքնուրույն քաղաքական գործոն ինքը գոյություն չունի»,- օրերս մամուլի ասուլիսում հայտարարել էր ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Երեկ ՀԱԿ անդամ Քրիստոնեաժողովրդավարական միության նախագահ Սոս Գիմիշյանից Aravot.am-ը հետաքրքրվել է` կիսո՞ւմ է պարոն Շահնազարյանի այս կարծիքը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

««Ես չէի ցանկանա մեկնաբանել պարոն Շահնազարյանի ասածը: Ինչ-որ տեղ կոռեկտ չեմ համարում: Ժամանակին  ինքն էր կողմնակից այս ընտրված ուղուն: Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի ամենամեծ կողմնակիցն ինքն էր: Այսպես, պառլամենտական ընտրություններին գնալու կողմնակիցն էր ինքը»,- ասաց պարոն Գիմիշյանը` համաձայնելով մեր դիտարկմանը, որ Դավիթ Շահնազարյանը միշտ էլ դեմ է եղել ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի  հարաբերություններին:

«Այո, այդ իմաստով ես իր հետ համամիտ եմ եղել: Մենք նույն կարծիքն ենք ունեցել: Բայց, ցավում եմ, որ ժամանակին ինքը 1-1,5 տարի առաջ ընտրված այս ճանապարհի ամենամեծ կողմնակիցն է եղել: Նաեւ, որոշակիորեն համաձայն չի եղել ինձ հետ, որ ես դա չեմ ընդունում: Դե` հիմա: Կարծիք է, մարդ է…կարող է` ես սխալ լինեմ: Տա Աստված, որ ես սխալ լինեմ»,- ասաց պարոն Գիմիշյանը` չցանկանալով առավել մանրամասն խոսել թեմայի շուրջ, քանի որ Շահնազարյանի հետ գործընկերներ են եղել, իրար հնուց են ճանաչում եւ որոշակի հարաբերությունների կարգավիճակում են»,- գրում է «Առավոտը»: