ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ոչ բարկացել է, ոչ էլ՝ հիասթափվել, որ ԱԺ-ում ջեռուցման  համակարգը փորձարկելու ընթացքում ջրի արտահոսքի ժամանակ իր աշխատասենյակը եւս վնասվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը:

«Ինչի Մանվել Գրիգորյանը այդպիսի՞ բաներ է տեսել, որ դրանից հիասթափվի կամ ջղայնանա: Մանվել Գրիգորյանը պատերազմ է տեսել, 1/10 հարաբերակցությամբ կռիվ է հաղթել»,- ասաց նա:

Վ. Վարդանյանը տեղեկացրեց, որ հիմնականում  առաստաղն ու պատերն են տուժել եւ սենյակը վերանորգման կարիք ունի: Իսկ գույքը, տեխնիկան եւ փաստաթղթերը չեն տուժել: Նրա խոսքով, ավելի շատ տուժել է Եվրամիության խորհրդարանական վեհաժողովի Հայաստանյան պատվիրակության սենյակը, որը գտնվում է ներքեւի հարկում:

Հարցին, թե մինչեւ վերանորոգման աշխատանքների ավարտը, որտե՞ղ է աշխատելու Մանվել Գրիգորյանը, Վ. Վարդանյանը պատասխանեց, որ հավանաբար ԱԺ-ն ժամանակավորապես նոր սենյակ կտրամադրի: