Սեպտեմբերի 23-ին վնասազերծված «Բանդայի» գործով գլխավոր դերակատարներ կան, որոնք դեռեւս ազատության մեջ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բանդայի» գործով տուժող, նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը: «100 տոկոսով իրենք շատ են եղել: Ո՞վքեր են մեր տան տեղը ցույց տվել, ո՞վ է ասել, որ ես դրսում եմ, դուռն էլ բաց է, ո՞վ է ասել, որ մեր տանը նկարներ կան»,- պարզաբանեց Նապոլեոն Ազիզյանը:
Հարցին, թե այդ դեպքում նրանց ինչո՞ւ չեն ձերբակալել, նրանք լավ թիկո՞ւնք ունեն, թե՞ մեկ այլ խնդիր կա, նա պատասխանեց. «Քանի որ ձերբակալվածները ոչ ոքի անունը չեն տվել, չեմ կարող ասել: Բայց այն, որ մի քանի հոգի դեռեւս ազատության մեջ են, դա հաստատ է: Իմ աչքերը փակ էին եւ մեկը միշտ իմ գլխավերեւում խփում էր գլխիս, տեսներ սա՞ղ եմ, թե՝ ոչ: Ասում էր կնոջդ սկսում են մորթել: Այդ մարդը 100 տոկոսով ազատության մեջ է, քանի որ նա խոսում էր վրացահայի բարբառով: Սովորել էին, կեսը ռուսերեն էին խոսում, կեսը՝ հայերեն: Եթե ձերբակալվածները խելք ունենան, պետք է ասեն, թե ովքեր են մնացել դրսում: Դրսում մարդիկ կան, որոնց անունները չեն տալիս»:
Տեսակետին, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վնասազերծված բանդայով վրեժ է լուծում, Նապոլեոն Ազիզյանը դա մանկապարտեզի խոսակցություն է համարում: ԱԺ նախկին պատգամավորը հավատում է, որ օրերից մի օր գողոնը հետ կտան, բայց թե երբ՝ չգիտի: «Հույսը վերջինն է մահանում»,- ավելացրեց Նապոլեոն Ազիզյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հայտնի բանդային կասկածում են նաեւ Նապոլեոն Ազիզյանի տան վրա կատարված ավազակային հարձակման մեջ: 2011թ-ի օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել էին նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի: Ավելի ուշ պարզվել էր, որ հարձակվողները սեպտեմբերի 23-ին վնասազերծված հայտնի բանդայի անդամներ են: Տեղեկացել էինք նաեւ, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» նախաքննությունը եւս ավարտվել է: Իսկ 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել: Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» նախաքննությունը եւս ավարտվել է: Իսկ 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել: Գործը ներկա պահին քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























