Ինչպես ավելի վաղ գրել էր «Հրապարակը», ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը (ՆԱՎ) վերջին երկու ամսվա ընթացքում զբաղված էր մայրաքաղաքի բաժիններում թաքցված հանցագործությունները բացահայտելով:

«Երեկ տեղեկացանք, որ Կենտրոնի բաժնում ստուգումներն արդեն ավարտվել են ու ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն: Թե քանի հանցագործություն են թաքցրել, փորձեցինք ճշտել Կենտրոնի բաժնի ղեկավար Մարտիրոսյանից: Պաշտոնյան արագ վրա տվեց՝ «նախ մենք հանցագործություն չենք թաքցրել», եւ ասելիքի  շարունակության ռիսկայնությունն զգալով՝ հիշեց լրատվության վարչության գոյության մասին, թե` այնտեղից ճշտեք  մանրամասները:

Ստացվում է՝ պաշտպանվել կարող էր,  բայց թեմայի շուրջ մի երկու բան մանրամասնելն արդեն իր գործառույթը չէր: Լրատվությունից էլ, որպես մանրամասն, միայն հաստատեցին, որ նյութերն ուղարկվել են ՀՔԾ:  Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը դեռեւս ամիսներ առաջ խորհրդակցություն էր հրավիրել ու, դատապարտելով հանցագործություն թաքցնելը, հանձնարարել էր ՆԱՎ-ին ստուգումներ իրականացնել:

Եվ ահա, այդ ստուգումների արդյունքում բացահայտվել են հանցագործության մի քանի տասնյակ չհաշվառված դեպքեր, մինչդեռ նույն ստորաբաժանման ղեկավար Մարտիրոսյանը  հակադարձեց մեզ՝  բացահայտ ստելով, թե իրենք հանցագործություն չեն թաքցրել: Այնինչ հենց այդ փաթեթն է ուղարկվել ՀՔԾ: Ինչպես տեսնում եք,  ստորաբաժանումների ղեկավարները անգամ այս բացահայտումներից հետո շարունակում են անպատիժ մնալ»: