Հայաստանում քաղաքական դաշտն ամբողջությամբ այլասերված է։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԺԴ ղեկավար, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Արշակ Սադոյանը։
Անրադառնալով ներքաղաքական խնդիրներին, նա նշեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները ոչ մի էական փոփոխություններ չեն կատարի երկրի սոցիալ-քաղաքական կյանքում, իսկ ընթացող պրոցեսները ավելի շատ խաբկանք են հիշեցնում։
Հարցին՝ հնարավո՞ր է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը, նա ասաց, որ 2003թ.-ի եւ 2007թ.-ի ընտրությունների ընթացքում իրենց կողմից եղել է ընդդիմությանը միավորելու փորձ. «Այդ փորձերը ձախողվեցին, քանի որ ներկայացված քաղաքական ուժերը չեկան համաձայնության։ Մենք այն ժամանակ փորձեցինք միավորել ՀԱԿ-ի այժմյան գործիչներից շատերին, «Ժառանգությանը», իսկ նրանք իրենց հարցադրումներն էին պնդում, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում էր առաջինը լինել ընտրական ցուցակում»։
Նա նշեց, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ճնշող մեծամասնությունը անհատակենտրոն կուսակցություններ են, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի գաղափարական տարբերությունը գրեթե չի տարբերվում, աննշան գաղափարական հիմնավորվածություն ունի միայն ՀՅԴ-ը. «Այժմ գրեթե ոչ ոք չի կարող տարբերել «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» տարբերությունը։ ԲՀԿ սովորություն է դարձրել սատարել այս կամ այն ուժին, ու կարող է շարունակել այդ ոճով, իսկ այս ամենը միայն ծիծաղ է առաջացնում»։





























